«Գերիներ, բռնի անհետացածներ, անհետ կորածներ»․ ի՞նչ է տեղի ունեցել 2022 թվականին

«Գերիներ, բռնի անհետացածներ, անհետ կորածներ»․ ի՞նչ է տեղի ունեցել 2022 թվականին

44-օրյա պատերազմից երկու տարուց ավելի է անցել, սակայն Ադրբեջանը հայ ռազմագերիներին չի վերադարձրել, մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը ենթադրում էր, որ կողմերը պետք է վերադարձնեն գերիներին։

Ամփոփելով տարին, MediaHub.am-ը զրուցել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու, թե գերիների վերադարձի ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել 2022 թվականին։

-Ի՞նչ փուլում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը։

-Ընթացիկ գործընթացներ են շարունակվում։ Այս տարվա ընթացքում, իհարկե, գերեվարման նոր դեպքեր են եղել, նոր դիմումներ ներկայացվել են, կիրառվել են նաև անհապաղ միջոցներ, սակայն հիմնական դատավարության փուլ դեռևս չի թևակոխել: Բայց առանձին գործերի առնչությամբ մենք նոր նամակագրություններ ենք ստանում դատարանից և հույս ունենք, որ 2023 թվականին ավելի ակտիվ կերպով է քննություն ընթանալու։

Իրավական գործընթացները տեղի են ունենում ՄԻԵԴ-ում, միջպետական և անհատական գանգատների շրջանակներում։ Մասնակիորեն գերիների խնդրին անդրադարձ կա նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջպետական գործընթացի շրջանակներում և նրանց պահելը, չհայրենադարձնելը, հայրենադարձնելու դիմաց քաղաքական պահանջներ ներկայացնելը դիտարկվում է խտրականության դիտարկման կոնտեքստում։ Միաժամանակ, դիվանագիտական հարթակներում են աշխատանքները շարունակվում, պարբերաբար փաստեր են ներկայացվում միջազգային կառույցներին և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, քաղաքական մարմիններին։ Նպատակը՝ նրանց կողմից դատապարտող կոչերի, ինչու ոչ, նաև պատժամիջոցների կիրառումն է։ Այդ նպատակով փաստահավաք զեկույցներ են կազմվել և շարունակաբար թեմատիկ զեկույցների թիվն է մեծանում, որը փաստարկված ապացույցներով ներկայացվում են միջազգային կառույցներին։

-Միջազգային կառույցներում ի՞նչ «դիրքերում» է հայկական կողմը․ ի՞նչ հաջողություն ենք գրանցել։

-Միջազգային հանրության կողմից, իհարկե, արձագանք կա և Հայաստանի սուվերեն տարածքում իրականացված ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ դրանք ավելի կոշտ են, քան Արցախում արձանագրված խախտումների դեպքում էր, սակայն դրանք այս պահին մենք համարժեք չենք գնահատում և ավելին՝ այդ դատապարտող կոչերը շուրջ երկու տարի չեն կարողացել ապահովել Ադրբեջանի իշխանությունների գործողությունների համապատասխանեցումը միջազգային իրավունքին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել և ոտնահարել միջազգային իրավունքը, այդ պատճառով մենք ունենք համոզմունք, որ այդ կառույցները պետք է սկզբունքային գործեն և իրենց զինանոցում առկա պատժամիջոցներ կիրառելու գործիքակազմը ևս գործի դնեն Հայաստանի և Արցախի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։

Քաղաքական նախադրյալների առումով այս պահին տեսնում ենք, որ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական գործընկերներն ավելի ռազմավարական շահեր ունեն Ադրբեջանի հետ և փորձում են այս հարաբերություններում սպասարկել ադրբեջանական շահը։ 2022 թվականին մոտ 30 գերիներ են հայրենադարձվել, որը նախորդ տարվա թվի համեմատ էապես պակաս է, այս պահին 170-ից ավելի հայրենադարձված գերիներ կան։ Պաշտոնապես դեռևս պահվում է 33 գերի, սակայն ըստ մարդու իրավունքների կառուցյների փաստահավաքության՝ այնտեղ պահվող գերիների պաշտոնականացված թիվն իրական չէ և 80 գերեվարվածի ճակատագիր մնում է անհայտ, նրանք այս պահին համարվում են բռնի անհետացածներ։ Լուծված չէ նաև 2020 և 2022 թվականի պատերազմներից հետո անհետ կորածների խնդիրը։

-Քանի՞ հաստատված և նույնականացված ռազմագերի կա այս պահին Ադրբեջանում, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում գերեվարված անձնիք բոլորը վերադարձե՞լ են։

- 2022 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարված և պաշտոնապես հաստատված բոլոր 17 գերիները հայրենադարձվել են, այս պահին գտնվում են Հայաստանում, սակայն գերեվարման իրական դեպքերը շատ են եղել, պարզապես փաստերը վկայում են գերիների արտադատական կամայական սպանությունների մասին և մենք չունենք որևէ տվյալ, որ 2022 թվականի գերեվարված ողջ անձինք դեռևս պահվում են Ադրբեջանում։

-Ի՞նչ քայլեր են արվում Բաքվում դատապարտված հայ ռազմագերիներին ազատելու ուղղությամբ։

-33 պաշտոնականացված գերիները Ադրբեջանում դատապարված են: Նրանց ազատ արձակելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանքներ են տարվում, քաղաքական մարմինների կողմից հայտարարություններ կան, զուգահեռաբար վարվում են գ > Լիա Խոջոյան: ործեր ՄԻԵԴ-ում, որի առարկան հենց ապօրինի ազատությունից զրկելն է։ Այստեղ հստակ խնդիր է դրված, որ այս դատապարտումները միջազգայնորեն չպետք է ընդունվեն և այդ դատապարտումների հիման վրա թվացյալ պատիժ կրելու նպատակով պահվող ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն։ Կա հատուկ զեկույց, որը մենք նախապատրաստել ենք, որը վերաբերվում է արդար դատաքննության խախտումներին, այստեղ ցուցադրված են նաև կամայական գործելակերպը, որը հավելյալ ապացույց է, որ այնտեղ պահվող և Խծաբերդի խմբում ներառված տղաներն իրապես չէին կարող դատապարտվել ապօրինի սահման հատելու կամ ապօրինի զենք կրելու համար։ Չի ապահովվել նաև պատժի միասնականացումը՝ մի խումբը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, բայց մենք ունենք նաև տևական երկար, 4 կամ 6 տարի ազատազրկում և նաև ունենք դեպք, որ ընթացող դատավարության ընթացքում գերին ազատ է արձակվել, հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ անձը գտնվում է Ադրբեջանի սահմանից դուրս, չնայած, որ անձի հանձնումը տեղի է ունեցել հենց Ադրբեջանի իմացությամբ և գործողությունների արդյունքում: Այսինքն այստեղ կա շատ հիմնավոր ապացույցների բազի, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Լիանննա Թորոսյան