Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ավտոճանապարհին՝ Արագածավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ապա փշալարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել են տարածքը ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ամուսինները և նրանց 2 երեխաները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։