Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր հանդիպում` 3+2+2 ֆորմատով, մասնակցելու են ՀՀ եւ ԼՂ նախկին նախագահները եւ երկու կաթողիկոսները: Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, ով սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն:
«Հրապարակ» թերթը գրում է.
Պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել եւ վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում:
«Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետեւապես՝ չի տրամադրվել»:
«Հրապարակ» թերթը գրում է.
Հայաստան եկած Արցախի խորհրդարանականներն ուրբաթ օրը հանդիպել են նաեւ ԱԺ ընդդիմադիրների հետ։ ՀՀ ընդդիմադիրները խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն իրենց սրտով էլ չի եղել։
Ընդդիմադիրներն անկեղծացել են, որ հավաքված ժողովուրդն իրենց ավանդական հանրահավաքների «մասսան» չի եղել, էականորեն տարբերվել է իրենց «ժողովրդից»։
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին եւ կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաեւ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ ենք իմացել:
Բոլոր կարեւոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու հարցին ինչ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Իսկ երբ կոնգրեսականները բացատրել են, թե ինչու են աջակցում գործող իշխանություններին` որ պաշտպանում են 2018-ից հետո Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը, ընդդիմադիրները նախ հետաքրքրվել են, թե որտեղ է այդ ժողովրդավարությունը, որն իրենք չեն տեսնում, ապա հատ-հատ թվարկել են իշխանության կողմից այն բոլոր ճնշումներն ու ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների, անհնազանդ ՏԻՄ ղեկավարների, լրագրողների եւ այլոց նկատմամբ։ Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել այս կապակցությամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ։
Հիմա քննարկվում է այդ դեպքում սեփական թեկնածուին առաջադրելու և խորհրդարանում վարչապետ ընտրելու տարբերակը: Ըստ մեր տեղեկությունների, ամենաակտիվը քննարկվում է Սուրեն Պապիկյանի անունը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քննարկվող «ֆորս-մաժորային» տարբերակներից է նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը։
«Փաստ» օրաթերթը գրում է․
Միայն կիրակի օրը Հայաստանը դիվանագիտական մի քանի պատմությունների մեջ ընկավ, որոնց «գագաթնակետը» կապված էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անվան հետ: Նա, կարելի է ասել, լուրջ սկանդալի մեջ հայտնվեց. Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ:
Սա բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցների կողմից դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում չեն բացառում, որ այստեղ նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի «մատն է խառը»:
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ որոշ համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ:
«Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ իշխանական թեկնածուների զգալի մասի դեպքում այդ հայտարարությունը պարզապես իմիտացիա է, քանզի նրանք քարոզարշավն իրականացնում են «տակից»։ Բանն այն է, որ ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, իսկ քպականների համար ամեն մի ձայնը կարևոր է՝ հատկապես այն համայնքներում, որտեղ հակառակորդ թեկնածուները հանրային լայն աջակցություն ունեն։
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ճիշտ է՝ ներկայումս նախընտրական շտաբները փակ են, բայց հանդիպումներ են կազմակերպվում ՔՊ-ի կողմնակիցների տներում, ընդ որում՝ հաճախ ճոխ սեղանների շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի դարպասների առջեւ օրերս իշխանության դեմ հանրահավաք իրականացնողներին «ռազմաճակատ ու սահման» ուղարկելով սպառնացող Ալեքսանյանը թաքցրել է իր կենսագրության մի դրվագ եւս: Նա 2018-ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում:
Վ. Ալեքսանյանը այս փոքրիկ հյուրանոցում մենեջեր է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք նրա մեկ այլ՝ ԿԸՀ-ում ներկայացված կենսագրությունից: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը իր կյանքի այդ դրվագը խնամքով թաքցրել. ամաչո՞ւմ է, որ հյուրանոցում է աշխատել: Նշենք, որ նույն այդ հյուրանոցում Վահագնի հետ աշխատել է նաեւ տիկտոկեր «222lava»-ն՝ անունը՝ Էրիկ: Վերոնշյալ հյուրանոցը, նշենք, հիմնադրվել է 2018-ի իշխանափոխության օրերին՝ մայիսին, ու, ըստ երեւույթին, ընդամենը մեկ կամ մեկուկես տարի է գործել: 2019-ից հետո այդ հյուրանոցի Facebook-յան էջում որեւէ գրառում, հրապարակում կամ նորություն հրապարակված չէ, նշված հեռախոսահամարն էլ անհասանելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին:
Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաեւ նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք:
Այս կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միությունը գրավոր կամ բանավոր կոնկրետ հարցեր է ուղղել եւ սպառիչ պարզաբանում պահանջել, թե վարչապետի հայտարարության համար ի՞նչն է առիթ եղել, եւ կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված եղել ելույթը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ: Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի:
ՀՀ վարչապետը չի հայտարարել,որ պատերազմ է երկրւմ, հետեւաբար՝ իրավական հիմքեր չկան: Այժմ Վայոց ձորից ժամանակից շուտ վերադարձած տեսուչների բացատրության հարցը մնացել է օդում կախված: