Տելեգրամով թմրամիջոց են վաճառում, օգտագործողների թիվը մեկ տարվա մեջ աճել է 42 տոկոսով․ Խամոյան
Մեկ տարվա ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը 42 տոկոսով աճել է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։
«2018թ-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544, 2022թ․-ին՝ 2266։ Սրանք արձանագրված պաշտոնական թվեր են։ Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ»,-ասաց նա։
Խամոյանը նշեց, որ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին եւ միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 435, այսպես կոչված, շոփ, 35 ալիք եւ 100-ից ավել չաթեր կան, որտեղ քննարկումներ են ծավալում այս կամ այն տելեգրամյան ալիքի ծառայությունների որակի, կամ որակի բացակայության մասին։
Ագնեսա Խամոյանը նշեց նաև, որ սա լրջանգույն սպառնալիք է եւ պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով։
«Հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իրշխանության ներկայացուցիչների, ինչու չէ՝ նաեւ հովանավորչության ներքո»,-հավելեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում