Վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա  Գոռ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափ մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Գ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին, վրաերթի հարևանությամբ գործող Պռոշյան շաուրմայանոցի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։