Արցախի լուծարման մասին ոչ մի հրամանագիր չկա․ Շահրամանյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորին

Արցախի լուծարման մասին ոչ մի հրամանագիր չկա․ Շահրամանյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորին

Հունվարի 1-ին Արցախի Հանրապետությունը լուծարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս հարցի շուրջ քանի ամիս է տարբեր խոսակցություններ են պտտվում, տարբեր հայտարարություններ են արվում, բայց հասարակությունը  մինչև այսօր չի հասկանում՝ ինչ է լինելու հունվարի մեկից հետո:

Օրերս Արցախի նախագահի խորհրդականն ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, սակայն այդ խոսքերից հետո նրան հեռացրել էին աշխատանքից։ 

Ի՞նչ է տեղի ունենալու հունվարի 1-ին և արդյո՞ք Արցախի Հանրապետությունը կարող է լուծարվել․ այս մասին MediaHub-ը զրուցեց  Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Վերջինս նշեց, որ արդեն քննարկել է այդ հարցը Արցախի նախագահի հետ։

«Արցախը հունվարի 1-ին չի լուծարվում։ Ես երեկ հանդիպում ունեցա Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ և հարցեր եմ տվել իրեն, որ հանրության համար պատասխաններ ստանամ։ Հրամանագիր, որպես այդպիսին, չի կարող լինել և չկա, քանի որ ցանկացած նախագահի հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա կրկնեց՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին որևէ հրամանագիր չի հրապարակվել և չի եղել, պաշտոնական հրապարակում որտեղ կա հրամանագիր Արցախի լուծարման մասին, չի եղել, այլ լրատվամիջոցներում ինչ-որ լուրեր են շրջանառվել կամ որոշման մասին է խոսք գնացել, բայց ոչ հրամանագրի:

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ այն շրջանակները, որոնք ակտիվ պահանջում են նոր հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահից, որով կչեղարկվի Արցախի լուծարման հրամանագիրը, իրենք ուղղակի թակարդ են ուզում գցեն բոլորին, այն առումով, որ «եթե չկա լուծարման մասին հրամանագիր, հետևաբար չի կարող լինել հրամանագիր և այն չեղարկելու մասին»։

«Ոչ մի հրամանագիր չկա, քանի որ չի հրապարակվել։ Եվ ես նախագահին ասել եմ, որ ինքը պետք է հանրային, թեկուզ կարճ, խոսք ունենա սրա մասին։ Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչել է Նիկոլ Փաշինյանը՝ ամիսներ առաջ առաջինը խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Դրան ի պատասխան Ադրբեջանի որևէ պաշտոնյա, և առավել ևս նախագահը չի խոսել ՀՀ 29 հազար 800 քառակուսի կմ մասին։ Եվ իրենք չեն էլ դիտարկում Հայաստանը 29 հազար 800 քկմ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետությանը, որը իբրև գտնվում է Ադրբեջանի տարածքում, ողջ հայ ժողովրդից դա ընդունել են Փաշինյանը և իր այդ ՔՊ-ական կոչվող խմբակը»,- ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ Արցախի Հանրապետությունը օկուպացված է թշնամու կողմից 2022թ-ից մինչ այսօր։ Կա Արցախի Հանրապետություն՝ մի տարբերությամբ, որ այնտեղ ապրող հայերին բռնի ուժով և ՀՀ իշխանությունների աջակցությամբ տեղահանել են և զավթել հայրենիքի այդ հատվածը։ 

Անդրադառնալով Շահրամանյանի արդեն նախկին խորհրդականին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ անձամբ նրան չի ճանաչում և նաև չգիտի՝ վերջինիս ազատել են աշխատանքից, թե ինքն է դուրս եկել։ 

Գալով Արցախի պետական ինստիտուտներին էլ շեշտեց. «Արցախի Ազգային ժողովը չի կարող լուծարվել, այն կարող է միայն ինքնալուծարվել, որը տեղի չի ունեցել։ Արցախի ԱԺ-ն աշխատում է, ունի իր օրակարգը, իսկ պատգամավորները աշխատում են, բայց առանց աշխատավարձի»: 

Ի դեպ, արցախցի պատգամավորը հիմնադրել է «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակույթային արժեքների պահպանման հասարակական կազմակերպություն։ Հավաստիացրեց՝ այդ կազմակերպության կանոնադրությունը հայկական կապիտալի պահպանումն է։

Մարիաննա Արամյան