Ոստիկանները փնտրում են  37-ամյա մաքրուհուն, ով ՌԴ քաղաքացու վարձով բնակարանը մաքրելիս հափշտակել է խոշոր չափի գումար

 Ոստիկանները փնտրում են  37-ամյա մաքրուհուն, ով ՌԴ քաղաքացու վարձով բնակարանը մաքրելիս հափշտակել է խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 44-ամյա Պյոտր Պ.-ի փաստաբան Ա. Ա.-ն և հայտնել, որ իր վստահորդը վարձակալական հիմունքներով բնակվում է Չարենցի փողոցի շենքերից մեկում, որտեղ տան մաքրուհին սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բնակարանից հափշտակել է խոշոր չափի գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ մաքրուհին մաս-մաս գողացել է 2500 ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ՝ ժողովրդի կողմից արդեն «Աստվածների բաժին» անունը ստացած քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով թե փաստաբանին և թե ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնի է կասկածյալի ինքնությունը  և նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր արդեն «Ավլեմ-թափեմ փոշին» օպերացիայի անվան տակ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մաքրուհուն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 37-ամյա կին է, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում: