Մենք գիտենք ովքեր են հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի և «Կոլցո» օպերացիայի կազմակերպիչները․ Ալեն Սիմոնյան

Շատ ժամանակ է անցել 1999 թվականից և բնական է՝ ժամանակային բարդություններ կան։ Այս մասին այսօր ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական պատճառներն ովքեր են եղել։ Թե՛ մարտի 1-ի, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում բոլորս հիմնական դերակատարներին և պատճառը գիտենք»,- ասաց նա։ 

Սիմոնյանը նշեց, որ քննությանը ծանոթ չէ, գիտի միայն այն, ինչ գիտի ժողովուրդը։ 

«Ես քաղաքական գնահատական կարող եմ տալ, իրավական հարցերին պատասխանել չեմ կարող։ Չեմ ուզում հիմա որևէ ձևով ազդեցություն ունենալ քննության գործին»,- նշեց նա։ 

Լրագրողի հիշեցմանը, թե 2021-ին Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անուններն էր հնչեցրել և ասել, որ նրանց ղեկավարած ԱԱԾ-ն իմացել է, թե Նաիրի Հունանյանն ինչ է անում և հարցին, թե  կա՞ քաղաքական կամք գործը բացահայտելու, Սիմոնյանը պատասխանեց՝ դրա մեջ կասկած կա՞։ 

«Պոպուլիզմ կլինի, եթե մեկին անհիմն մեղադրեն, հետո գնա դատարանում ազատվի, և լրագրողներն ինձ ասեն՝ փաստացի մարդուն անիմաստ զրպարտեցին։ Բայց նորից եմ ասում՝ թե՛ մարտի 1-ի պարագայում, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում, թե՛ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «կոլցո» օպերացիայի պարագայում մենք գիտենք ովքեր էին կազմակերպիչները: Մնում է իրավական ձևակերպում, բայց հայտնի են պարտակումները, հայտնի մարդկանց գործունեությունը, քննիչ ունենք, որը մարտի 1-ի գործով պարտակել ու հիմա լքել է Հայաստանը, կան իրավական բարդություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում