Փաշինյանը հաստատակամ է․ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է երկխոսեն

Կառավարության  այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կիրակի օրը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։

«Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչպես հիշում եք՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի  միջնորդությամբ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը և ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ընդգծելով, որ դրանց հիմա վրա ընդունում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար: Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մեկ քայլ և ինչպես նշված է Եվրամիության խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի  կմ-ն, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի  կմ տարածքային ամբողջականությունը։ Պետք է արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես։

Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը։ Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության խորհրդի նախագահի մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը միջազգային հանրության հետ համագործակցված։  Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար։ Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում