«Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում, «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. Մամուլը՝ սուրճով

«Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում, «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը, այն է՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները թողնելով հետո, «միանգամայն անիրատեսական է»։ Ըստ էության, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. ըստ շատ փորձագետների, եթե Բաքուն իրոք ցանկանար ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ապա նոր նախապայմաններ առաջ չէր քաշի ՀՀ-ի առջև՝ Սահմանադրության փոփոխության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման տեսքով։ Նախօրեին թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝զինվում է Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ, ԱԹՍների արտադրությունն է զարգացնում Ադրբեջանում, ինչպես նաև զորքը պատրաստում է լեռնային և ցուրտ պայմաններում պատերազմական գործողությունների։

«Հասկանալի է, որ այդ մարտերը կարող են ընթանալ Սյունիքում»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ի դեմ գործում են սինխրոն. Անկարան հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ բավարարվեն Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով, որը Թուրքիայի համար պանթուրանական լոգիստիկա է և պլացդարմ դեպի թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝ Թուրան։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, ապա, ըստ ալիքի, նրանք պատրաստ են բավարարել Ալիևի բոլոր պահանջները, սակայն անգամ այդ պարագայում Ալիևը չի կնքելու խաղաղության պայմանագիր։ «Բաքուն ցանկանում է Հայաստանը ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ առումներով վերածել «failed state»-ի։ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, որ հայոց բանակը պետք է կրճատվի. Բաքուն մեղադրում է Արևմուտքին, հատկապես Ֆրանսիային, ինչպես նաև Հնդկաստանին՝ ՀՀ-ին վերազինելու համար։

Բաքուն տեղեկատվական հիմք է պատրաստում ՀՀ-ի ապառազմականացման համար։ Այսպիսով, Ադրբեջանի նպատակը հստակ է՝ Հարավային Կովկասում վերացնել հայկական գործոնը, Իրանից «պոկել» Իրանական Ադրբեջանն ու միանալ Թուրքիայի հետ՝ նոր օսմանական կայսրության ռազմավարության շրջանակներում»,նշում են հոդվածագիրները և ավելացնում, որ Հայաստանը պետք է ինտենսիվորեն պատրաստվի նոր պատերազմի՝ Սյունիքը վերածի անառիկ ամրոցի, ինչպես նաև գտնի նոր դաշնակիցներ, որոնց ձեռնտու չէ Մեծ Թուրանի կյանքի կոչումը. այդ երկրներից են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, արաբական աշխարհի մի շարք երկրներ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու:

Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին եւ Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի:

Թեեւ մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը եւ վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները եւ շարժման ծրագրերը, քննարկվելու է նաեւ մեր երկրում ստեղծված իրավիճակը»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ 

ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում:

ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետեւ մտածելու բան ունեն։ Մեր աղբյուրը պատմեց, որ ներկուսակցական նիստերի ժամանակ ֆրակցիայի 99 տոկոսը` շատ մեղմ ասած, խիստ դժգոհություններ է հայտնում ուժայինների գործունեությունից, ոմանք անգամ հայհոյախառն բառապաշարով են արտահայտվում, սակայն այդ հոխորտացողները լսումներին չեն մասնակցել, քանի որ բոլորի վրա էլ «կեղտ» կա` չեն ուզում թարսվել ուժայինների ղեկավարների հետ։ 

Նկատենք, որ լսումները ցուցադրեցին, որ ՔՊ-ում չկա միասնականություն, ֆրակցիայում թեւեր ու ճյուղեր են գործում: Լսումներին, փաստորեն, ներկա էր այն խումբը, որը նախաձեռնել էր Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը։