Խելագարվել էի, երեխաներիս ձեռքը բռնած Հայկ ու Նարե էի գոռում․ Նարես ասաց՝ «մամա, վեր կաց, վազենք, էլի կխփեն» 

Խելագարվել էի, երեխաներիս ձեռքը բռնած Հայկ ու Նարե էի գոռում․ Նարես ասաց՝ «մամա, վեր կաց, վազենք, էլի կխփեն» 

Ադրբեջանը ներխուժեց Արցախի Հանրապետություն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ուղիղ կեսօրին, որն ուղեկցվեց հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։

Մելանյան, որ այդ պահին աշխատավայրում է եղել, շտապել է դպրոց՝ փնտրելու երեխաներին։

«Թե ինչ վիճակում եմ հասել դպրոց, ու այնպես արագ նույնիսկ ես եմ հիմա զարմանում։ Երբ մտա ապաստարան բոլորը գոռում էին, վախից միայն ճչում։ Աղջիկս տեղում էր, տղաս՝ ոչ։ Միջանցքներով վազելով, բարձրաձայն լացելով՝ Հայկ էի գոռում։ Մինչև կգտնեի տղայիս, որ դպրոցի մյուս ապաստարանում էր, մի ուսուցիչ լուռ լաց էր լինում, մոտեցա հարցրեցի՝ հո՞ բան չի եղել իր հարազատների հետ, ասաց՝ «լսել եմ, որ մեր աշակերտներից մեկը վախից սրտի կանգով մահացել է, չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ»։ Մինչ ուսուցիչները երեխաներին տագնապով ապաստարան էին ուղեկցում, մի քանի աշակերտ շփոթմունքից դուրս են եկել տուն գնացել, ճանապարհին 11 տարեկան երեխան մահացել է»,- MediaHub-ին պատմում է ստեփանակերտցի Մելանյա Գրիգորյանը։ 

Արցախի ողբերգական դեպքերից անցել է մեկ տարի։ Ադրբեջանցիների վայրագություններից մազապուրծ եղած, Հայաստանում ու աշխարհով մեկ սփռված արցախցիներից շատերն իրենց նոր կյանքին այդպես էլ չեն կարողանում հարմարվել։ Մելանյայի խոսքով՝ «չենք հարմարվում Արցախի կորստին»։

«Մենք այնքան զրկանքներ կրեցինք, որ վերջում գաղթե՞նք։ Առաջին անգամ եմ պատմում. եղել են օրեր, որ ես ու ամուսինս հաց չենք կերել, կտրոնով բերված մեկ ամբողջական հացը մաս-մաս բաժանել ենք երեխաներին, մենք խնձորով բավարարվել»,- արտասվում է երիտասարդ կինը։ 

Մի քանի ժամ դպրոցի նկուղում մնալուց հետո Մելանյան երեխաների հետ տեղափոխվել է տուն։ Բայց, ճանապարհին ադրբեջանցիները հեռահար հրթիռներով կրակել են ուղիղ բնակելի շենքերի վրա։ 

«Ինձ թվացել է, թե աշխարհի վերջն այդպես է լինում։ Հասել էինք կենտրոնական կամուրջ, մեկ էլ լսում եմ ուժեղ պայթյունի ձայնը՝ մեզանից մի քանի մետր հեռավորության վրա։ Շենքը, բնակելի տները, կայանված մեքենաները, խանութները վնասվել էին, Աստված այնպես է արել, որ երեխաներս չվնասվեն։ Ամբողջ այդ հատվածը կորել էր գոլորշու մեջ։ Խելագարվել էի, երեխաներիս ձեռքը բռնած չոքել էի գետնին Հայկ ու Նարե էի գոռում։ Ինքնազգացողությունս վատացել էր։ Նարես ասաց՝ «մամա, վեր կաց, արի վազենք, էլի կխփեն»... որ լսեցի աղջկաս ձայնը, վեր կացա ու առաջ գնացինք։ Ամեն պայթյունի ձայն լսելուց երկուսին առնում էի թևիս տակ, որ «ասկոլկա» հանկարծ չկպներ իրենց։ Արդեն 7-րդ դպրոցի մոտ մի տղա պատահեց, մեզ դրեց մեքենայի մեջ ու տարավ տուն»,- կյանքի ամենավատ օրն է հիշում Մելանյան։ 

Արցախի բանակն ու ուժային բոլոր կառույցները, այս անգամ լինելով ամբողջովին միայնակ, արեցին ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Սակայն, Արցախի հայաթափումն, ըստ Մելանյայի, կանխորոշված էր։

«Մեզ ստիպեցին լքել մեր տները, որովհետև հայի դավաճան տեսակը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան