Փոխադարձ խայթոցներով զրույց՝ Մխիթար Հայրապետյանի հետ

2018 թվականի իշխանափոխությունից հետո Սփյուռքի նախարար նշանակված, ապա պատգամավոր ընտրված և պատերազմից հետո քաղաքականությունից հեռացած և այժմ «Իմ քայլը» հիմնադրամը ղեկավարող Մխիթար Հայրապետյանը այսօր նախագահական նստավայրում MediaHub-ի հետ զրույցում չցանկացավ շատ մանրամասնել, թե 2023 թ․ ընթացքում որքան նվիրատվություն է ստացել հիմնադրամը և ինչ ծրագրեր է իրականացրել։
Ասաց՝ շուտով ամփոփիչ ասուլիս կտա, մեզ էլ կհրավիրի և բոլոր հարցերին մանրամասն կպատասխանի։
Ինչ վերաբերում է նրան, թե Արցախից բռնի տեղահանվածների մասով ի՞նչ ծրագրեր է իրականացնում իրենց հիմնադրամը, Մխիթար Հայրապետյանն ասաց, որ իրենք նախատեսում են առանձին ուղղություն Արցախի մեր եղբայրների և քույրերի համար։
«Չեմ ուզում հիմա փակագծերը բացել, բայց, միանշանակ, ստեղծված իրողությունները մեզ դրդեցին, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ առումով վերակազմակերպել մեր ջանքերը և ռեսուրսները, և առաջիկայում ես հանդես կգամ այդ կապակցությամբ հայտարարությամբ»,- ասաց Հայրապետյանը՝ դժվարանալով ասել, թե այս տարիներին արցախցիներից նվիրատվություններ եղե՞լ են իրենց հիմնադրամին, թե՞ ոչ։
Մխիթար Հայրապետյանը, նկատենք, այն քիչ թվով ՔՊ-ականներից է, որ չի խորշում «Արցախ» բառն օգտագործելուց, թեպետ դա չէ հայրենասիրության միակ դրսևորումը, բայց, հաշվի առնելով, որ իր թիմակիցներն ու հատկապես իր քաղաքական առաջնորդը Արցախը հանձնելուց հետո «Արցախ» բառը կտրականապես չի օգտագործում՝ դրա փոխարեն կիրառելով «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, որ ընդունելի լինի նաև միջազգային հանրության ու Ադրբեջանի համար, ապա այս պարագայում ՔՊ-ականների կողմից Արցախ ասելը հիրավի հերոսություն է։ Թերևս կառավարության անդամ չլինելն էլ թույլ է տալիս Մխիթար Հայրապետյանին ավելի անկաշկանդ արտահայտվել։
Ի դեպ, Հայրապետյանը թեև չէր ուզում խոսել հիմնադրամից, նվիրատվություններից, այդ թվում՝ դրա տակ շահարկվող կամ արտահայտվող ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներից, թե ինչպես են 2018-ից հետո խոշոր գործարար հռչակված նախկին օլիգարխները հիմա էլ գումարներ «մուծվում» Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին (դա թողեց ասուլիսին), բայց չխորշեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերին, թե ինչու այլևս խորհրդարան չմտավ, ինչու պասիվացավ ու ավելի «անշառ» գործ գտավ իրեն։
«Պառլամենտում աշխատանքս, օրենսդիր գործունեությունս չշարունակելը եղել է բացառապես իմ որոշումը և իմ խնդրանքով։ Բարեբախտաբար, իմ քաղաքական թիմը ըմբռնումով է մոտեցել, որովհետև ես երկուսուկես տարի պառլամենտում աշխատելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ լավագույնս ինձ չեմ կարող դրսևորել օրենսդիր կամ վերահսկողական գործառույթներում։ Ես նման որոշում եմ կայացրել կյանքիս այդ փուլի համար»,- ասաց նա։
Հարցին՝ պառլամենտը իր տե՞ղը չէր, երբեմնի իմքայալական պատգամավորն ասաց․ «Կարող ենք նաև ինչ-որ առումով այդպես ասել։ Թեև հինգ ամենաակտիվ գործիչներից մեկն եմ եղել օրենսդրական նախաձեռնությունների քանակով, բայց ես բավականաչափ խստապահանջ եմ ինքս իմ նկատմամբ, և, այո, գուցե ինչ-որ առումով կարող ենք նաև նման գնահատական հնչեցնել»։
Ի դեպ, նա չբացառեց նորից գործադիր վերադառնալու հավանականությունը։ «Կյանքը ցույց կտա»,- ասաց նա։
Իսկ կարո՞ղ է, այդուհանդերձ, պատերազմն էր պատճառը, որ դրանից հետո չցանկացավ վերադառնալ խորհրդարան։ Հայրապետյանն ասաց, որ ինքը շատ քննադատաբար է մոտենում ինքն իրեն, և որտեղ որևէ գործունեություն, որ «ծավալում է, փորձում է առավելագույնն անել»:
«Եւ շատ նորմալ է, որ յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իրեն պարբերաբար գնահատականներ տալ։ Այ, օրինակ, եթե Ձեզ հանկարծ առաջարկվի զբաղվել քաղաքականությամբ, չեմ բացառում, որ Դուք գաք այն մտքին, որ դա ավելի վատ Ձեզ մոտ ստացվի, քան լրագրությունը։ Ինձ մոտ էլ, հավատացնում եմ, շատ վատ կստացվի լրագրողի աշխատանքը, որովհետև ես չունեմ այն որակները, որոնք Դուք ունեք և՛ լավ, և՛ վատ իմաստով»,- ձեռքի հետ խայթեց Հայրապետյանը՝ հավանաբար ելնելով լրագրողների հետ նախկինում ունեցած երբեմն ոչ հաջողված փորձերից։
Լրագրողների «վատ որակների» մասին ակնարկներ անող Հայրապետյանը մոռացել էր, հավանաբար, որ ժամանակին «թուք ու մուր» թերթի լրագրող և խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը, իրականում, որպես լրագրող ավելի շատ հայտնի է եղել հենց իր ակնարկած այդ վատ որակներով, որոնց մասին մինչև հիմա նրա հետ առնչված տարբեր պաշտոնյաներ հիշում ու պատմում են։
Փոխադարձ խայթոցներով մեր զրույցի ընթացքում Մխիթար Հայրապետյանին հիշեցրինք նաև, որ մենք այսօր լրագրողների կողմից քաղաքականությամբ զբաղվելու շատ տխուր օրինակներ ունենք, թե ինչպես են նախկին լրագրողներն այսօր վատ քաղաքական գործիչներ դարձել, օրինակ՝ լրագրող վարչապետ ունենք, որի վարած քաղաքականությունից շատերը դժգոհ են։ Մեղմ ասած՝ դժգոհ։
«Այ դրա համար էլ պիտի ծափահարեք ժողովրդավարությանը, դեմոկրատիային։ Դուք հիմա ամբողջությամբ վայելում եք այդ ժողովրդավարությունը, և ձեզ շատ փայլուն եք զգում մեր երկրում»,- ասաց նա, որից չհասկացանք, թե ինչ կապ ուներ լրագրողից վատ վարչապետ դառնալը ժողովրդավարության հետ։
Նրան հիշեցրինք, որ իր ասած այդ «ծափահարության» արժանի ժողովրդավարությունը բերեց Արցախի հանձնման և հազարավոր հայրենակիցների կորստի։ Բացի այդ, «ժողովրդավար» Հայաստանում մեր առջև գնալով ավելի ամուր են փակվում նույն Բաղրամյան 26-ի՝ նախագահականի, խորհրդարանի դարպասները, ինչպես, օրինակ, այսօր նախագահի նստավայրում Աշխատանքի միջազգային համաժողովին լրագրողներին թույլ տվեցին ներս մտնել միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ելույթ ունեցել գնացել էին։ Այդ մասին պարոն Հայրապետյանը, իհարկե, տեղյակ չէր։ Խոստացավ փոխանցել ում որ պետք է՝ միամտաբար կարծելով, որ իրենք՝ մեր մուտքն այդ պահին Բաղրամյան 26 արգելողները, տեղյակ չէին այդ մասին։
Վահե Մակարյան