Լեյտենանտ, բայց՝ հետմահու․ Կարոյի երազանքի թելը կտրվեց, անգամ վիրավորված ընկերոջ կորցրած թևը «չառավ»

Արտյոմն է, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Կարոյի՝ Կարապետ Անտոնյանի կրտսեր եղբայրը։ Կարոյի ծննդյան տորթն է կտրում, ապա ամենամեծ կտորը դնում եղբոր շիրիմին։

Արդեն երկու տարի է, ինչ այսպես է, ինքն է Կարոյի փոխարեն կտրում ծննդյան տորթը, երազանք պահում։ Այսօր էլ ծնողները տղայի սպայական ուսադիրներն են ընդունում, թեև Կարոն անգամ չէր էլ մտածել սպա դառնալու մասին։

Այո՛, Կարոն սպայի պատասխանատվություն ուներ, յուրաքանչյուր զինվորի հոգսն իրենն էր համարում։

Որքան զգոն ու լուրջ էր, այդքան էլ կատակասեր․ ամենաբարդ վիճակներում օգնության էր գալիս հումորի զգացումը։

Ընկերները պատմում են՝ չկար մի հարց, որի լուծումը մաթեմատիկական մտածողություն ունեցող Կարոն չգտներ։

Երբ թշնամու գնդակը մի պահ լռում էր, Կարոն, սովորականի պես, սկսում էր ընկերներին ներկայացնել իր բիզնես գաղափարները․ այդպես էր անում նաև բուհում, դասամիջոցներին ընկերներին հավաքում և յուրաքանչյուրին իր ապագա գործարաններից մեկում պաշտոն էր տալիս։

Բիզնեսներ ունենալու, ընկերոջ համար թև առնելու ժամանակ Կարոն չունեցավ։ Թշնամու գնդակը լռեցրեց ամեն բան։

Մոր սիրտը զգաց որդու մահը, զգում է նաև տղայի ներկայությունը՝ Արցախի ամեն անկյունում։

Կարոյի մայրը ուխտ է արել՝ մի օր ինքը կանգնելու է Ջրականի հողին ու ասելու է՝ եկել եմ քեզ մոտ, որդի՛ս։