Արևմտյան հարթակները պատասխանատվությունից խուսափում են, երաշխիքներ չեն տալիս․ Մաթևոսյան

Ոչ ոք միջազգային անվտանգային երաշխիքներ չի տալիս Հայաստանին, ԱՄՆ-ն էլ ասում է, որ բանակցությունների մեջ մենք ոչ թե միջնորդ ենք, այլ հարթակ՝ այդպիսով իր վրայից գցելով պատասխանատվությունը՝ Հայաստանին անվտանգային երաշխիքներ տալու․ MediaHub-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Արդեն գրել էինք, որ Վաշինգտոնում երեք օր տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները հայտարարեցին՝ Երեւանն ու Բաքուն համաձայնության են հասել «Խաղաղության համաձայնագրի» նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ եւ գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱՄՆ մեկնած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, թե որոնք են այն հիմնական հարցերը, որոնց շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն պետք է շարունակեն քննարկումները։
«ԱՄՆ-ում տեղի ունեցած եռօրյա հանդիպման ժամանակ կողմերը չեն եկել համաձայնության այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանագծի հստակեցման, զորքերի հետքաշման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխիքների համար երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Այս պահին նշված հարցերի շուրջ դիրքորոշումները տարբեր են»,-ասաց Կոստանյանը։
Մաթեւոսյանը շեշտում է՝ արեւմտյան հարթակներում հայկական կողմին ասում են՝ ինքներդ ոնց ուզում եք պայմանավորվեք, մեզ համար կարեւորը՝ ռուսները չլինեն։
«Այս տրամաբանությամբ է գործընթացը գնում եւ այս բանակցային փուլն էլ էր հենց դրա մասին։ Հայկական կողմի որդեգրած դիրքորոշումը շատ անտրամաբանական է՝ փորձում եւ՛ ռուսական եւ՛ արեւելյան հարթակներում նույն հարցերը քննարկել, այն պարագային, երբ այս երկու հարթակները մեկը մյուսի նկատմամբ բաց պատերազմական գործողություններ են իրականացնում։ Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Ակնհայտ է, որ բանակցությունները ռուսական հարթակում շարունակվելու են, մինչեւ «իքս» պահը, իսկ այդ պահն, իմ խորին համոզմամբ, արեւմտյան հարթակում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն է»,-ասաց քաղաքագետը։
Հետեւելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, արեւմուտքից եկող արձագանքներին կամ բանակցությունների փուլերի վերաբերյալ տարածված հաղորդագրություններին՝ Մաթեւոսյանի վերլուծությամբ փաստաթուղթը կստորագրվի աշնանը։
«Այն պահին, երբ այդ փաստաթուղթը կստորագրվի, կարող ենք ասել, որ վերջնականապես Ռուսաստանին հանեցին բանակցային գործընթացից, որը փոխարինելու է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։
Ներկայումս ընթացող բոլոր գործողություններն առաջին հերթին ուղղված են նրան, որպեսզի փաստաթղթային առումով նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչնչացվի՝ դրանից բխող բոլոր հետեւանքնորվ՝ ռուսական կողմի ներկայությունից Արցախում, վերջացրած կումունիկացիաների անվտանգությունը ապահովելու հարցում ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Երկորդ փուլով գնալու են աշխահրաքաղաքական շատ լուրջ փոփոխությունների մեր տարածաշրջանում։ Իմ խորին համոզմամբ՝ ներկայիս փուլում, երբ հետեւում ենք վաշինգտոնյան մարաթոնային բանակցություններին, իրենք բանակցում են այն բանի շուրջ, թե ինչպիսինն է լինելու»,-ամփոփեց նա։
Լիա Սարգսյան