Ես ու ՔՊ-ն պրիչո՞մ, կրա՞կն եմ ընկել, որ քրոջս տղունն ա, ավագանուց հարցրեք՝ ինչի են արել․ Գյուլագարակի գյուղապետ

Ես ու ՔՊ-ն պրիչո՞մ, կրա՞կն եմ ընկել, որ քրոջս տղունն ա, ավագանուց հարցրեք՝ ինչի են արել․ Գյուլագարակի գյուղապետ

Գնացեք ավագանուց հարցրեք, թե ինչի են տենց բան արել, ես ու ՔՊ-ն տուտ պրիչոմ, ինչ-որ գրել են, լրիվ աբսուրդ ա, դա եղել ա 2016թ․-ից հետո, ես ոչ մի բան չեմ տվել, ոչ էլ խաբար եմ, ես կապ չունեմ ոչ մի հողի հետ, ո՛չ անտառի տվածի հետ, ո՛չ քրոջս տղու հետ․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը՝ շտապելով հերքել «Հետք»-ում տպագրված այսօրվա հոդվածը։

Լրատվամիջոցը գրել էր, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու՝ Վահե Պապոյանի անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ եւ հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել։ 

«Գյուլագարակից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 4 առանձին շինություն կա։ Անհատական քոթեջներ են, որոնք օրավարձով տրվում են հանգստացողների։ Գյուլագարակում գրեթե բոլորը գիտեն, որ քոթեջները տարիներ առաջ կառուցել է համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, և դրանք փաստացի պատկանում են նրան։

Այսօր է միայն պարզվել, որ տնակները կառուցվել են համայնքային հողի վրա, ապօրինի և այն ժամանակ, երբ Գյուլագարակ համայնքը ղեկավարում էր նույն Խաչիկ Վարդանյանը։ Վարդանյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով համայնքային գույքի նկատմամբ, չի կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ավելին, զավթել է համայնքային հողամասը։ Դրա վրա, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, որոնք կրկին համայնքի ղեկավարն է տալիս, կառուցապատում է իրականացրել»,-գրում է «Հետքը»։

Խաչիկ Վարդանյանը, որը փաստացի 2016թ-ին եղել Գյուլագարակի գյուղապետը, MediaHub-ի հետ զրույցում չ հասկանում թե իր մեղավորությունը ինչումն է, երբ 2016թ․-ին համայնքապատկան հողի վրա ապօրինի քոթեջներ են կառուցվում։ Վարդանյանի խոսքով՝ այդ քոթեջները պատկանում են իր քրոջ որդուն՝ Վահե Պապոյանին, ու «ինքը տուտ պրիչոմ»։

«Այդ հողը վերցրել են անտառից։ Անտառից եկել չափել են ու համարել, որ իրենց տարածքն ա, վկայականը, ամեն ինչը հանել են։ Այն հատվածի համար, որը ընկել է համայնքային տարածքի մեջ, խոշորացված համայնքի ղեկավարը տվել է դատարան։ Դատարանը մերժել է, քանի որ էդ մարդը ունի տարածքի սեփականության վկայական։ Հիմա ի՞նչ մեղավոր ա, որ անտառից չափել են, հետո քարտեզագրումով ուրիշ բան ա եղել։  Ես դրա հետ կապ չունեմ։ Էս ամեն ինչը եղել է 2016 թվականին։ Ինչ վերբերում ա առ ու ծախին՝ համայնքի ղեկավարը պրիչով, որ մարդը իրա հողը ծախել ա, մյուսն էլ առել ա։ 30 տարի իրա հողը մշակելուց հետո մարդը որոշել ա ծախի հողը»,-կծկտուր պարզաբանումներ է տալիս ՔՊ-ական համայնքապետը։ 

Ճշտող հարցին՝ լինելով նաեւ 2016թ․-ին լինելոբ Գյուլագարակի համայնքապետը՝ արդյո՞ք ինքը կոռուպցիա չի տեսնում նրանում, որ իր քրոջ որդին ու նրա հետ փոխկապակցված այլ անձինք «տիրացել են» համայնքի հողերին ու ենթադրաբար ապօրինի շինություններ կառուցել պետությանը պատկանող գույքի վրա, Վարդանյանը սլաքներն ուղղում է համայնքի ավագանին, թե բոլոր որոշումները ավագանին է իրականացնում։ 

«Իմ հարազատներից ո՞վ ա Գյուլագարակի հողերին տիրացել, հողը հո համայնքապետը չի տալիս, դա ավագանին ա տալիս, ես պրիչոմ։ Քոթեջները սարքվել ա  2016թ-ին։ Քարտեզագրումը մի ուրիշ ձեւ ա եղել, անտառը ուրիշ ձեւ ա չափել։ 2016թ․-ին ես եղել եմ Գյուլագարակ գյուղի գյուղապետ, բայց քոթեջները կռուցվել են անտառի տարածքում, որը մեզ հետ կապ չունի։ Դրան գումարած հողը եղել ա Գարգառինը։ Գյուլագարակի հողը չի եղել, որ ես դրա հետ կապ ունենամ։ Ով էդ քոթեջները սարքել ա, նրան ասեք, հո կրակը չեմ ընկել որ Վահե Պապոյանը իմ քրոջ տղեն ա։ Զանգեք, թող ասի՝ ոնց ա սարքել, թուղթը ոնց են տվել։ Իմ հետ կապված բան չկա։ Ոչ մի սանտիմետր հող չունեմ վեկալած։ Տենում են լավ եմ աշխատում, ոչ մի բան չկա, կապում են 2016թ․-ի թեմաների հետ։ Հողի նշանակությունն էլ ավագանին ա որոշում։ Առաջվանը չի, հիմի ամեն ինչ բաց ա»,-պնդում է Վարդանյանը։

Չհստակեցրեց, թե ինչ նկատի ունի՝ «առաջվանը չի» ասելով Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը, որը 20 տարի աշխատելով անտառտնտեսությունում հասցրել է անդամակցել մի քանի կուսակցությունների, այդ թվում նաեւ «Հանրապետական կուսակցությանը»։ 

Արդյո՞ք ՔՊ-ական լինելու հանգամանքն է, որ նրան եւ իր մերձավորներին համայնքում այսքան «արտոնություններ» է տրվում, Վարդանյանը պատասխանում է, որ ոչ մի արտոնություն էլ չի ստանում։

«Ես ՔՊ-ական եմ, ու ոչ մի առավելություն չունեմ, ոչ էլ արտոնություն։ Թղթերը դրած ա, եկեք ու նայեք, որ համայնքի ղեկավարը մեկի հանդեպ խոչընդոտ չի հանդիսացել, մեկին վատ բան չի արել ա։ Պրիչոմ ՔՊ-ն, պրիչոմ ես։ Ավագանուն հարցրեք, թե ինչի են հողի նշանակությունը փոխել, ես պրիչոմ։ Ավագանին, լավ ա, ՔՊ-ից չի եղել, եղել են անկախ ավագանիներ, իրենց հարցրեք, թե խի են էդ թուղթը ստորագրել»,-ընդգծեց նա՝ նշելով, որ շատ ուրախ է, որ ՔՊ-ական է, դա իր որոշումն է եղել։ 

«Հա, բա ոնց, ես ուրախ եմ, որ ՔՊ-ական եմ, ինքս եմ որոշել կուսակցություն մտնել, թե չընմտնել ու մտել եմ»,-հպարտորեն ասաց Գյուլագարակի համայնքապետը։

Լիա Սարգսյան