Շնորհակալ ենք մեր վարչապետին․ թշնամու թիրախում հայտնված Սոթքի բնակիչ

Երբ մարդը քնած է, կողքից մի փոքր ձայն էլ լինի, վախ է զգում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Սոթքի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով, թե ինչ է զգացել համայնքի հրետակոծության պահին։

Նրա խոսքով՝ նախնական շրջանում մարդկանց մոտ խուճապ է առաջացել, բայց այսօր մարդիկ հավատ ունեն, քանի որ լավն են համայնքապետը, մարզպետը, նախարարներն ու վարչապետը։

«Շուտափույթ ձևով վերականգնում են կառույցները, որ մարդիկ ապրեն, ինչպես մինչ օրս»,- ասաց նա։ Ըստ համայնքի բնակչի՝ այսօր պատերազմական վիճակ է, և արկերը այսօր Սոթք են ընկել, վաղը կարող է այլ համայնք ընկնեն։

«Ճիշտ է, մեր վարչապետը չի եկել, բայց նախարարներն ու մարզպետը այստեղ մի քանի անգամ եղել են, բա ո՞նց շնորհակալ չլինենք»,- նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Սոթքը դարձել պատերազմական գոտի, այդ հարցը համայնքի բնակիչներին չի՞ հետաքրքրում, բնակիչը պատասխանեց՝ Սոթքն այսօր չորս կողմից շրջապատված է ադրբեջանցիներով։

«Երեսուն տարի է՝ ադրբեջանցիները երազում են Սևանա լճում լողալ։ Դե մենք էլ Քարվաճառը Ադրբեջանին վերադարձնելուց հետո մյուս կողմերից էլ դարձանք Ադրբեջանին սահմանամերձ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան