Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման

Կապիկի ծաղիկ հիվանդության հնարավոր ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը սահմանին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
«Համագործակցում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանին իրականացնում են հսկողություն։ Ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ կապիկի ծաղիկ հիվանդությունը սկսվում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում առաջանում է ցան»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր դեպքերն ախտանշաններով են ուղեկցվում։
Լուսինե Պարոնյանը նշեց, որ կասկածելի դեպքի ախտանշաններն են՝ 38.5 և ավելի բարձր ջերմությունը, 1-3 օրվա ընթացքում առաջացած ցանը և ավշային հանգույցների բորբոքումը։
Նրա խոսքով՝ հունիսի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը հասել է 1704-ի։ Դրանք հիմնականում գրանցվել են երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Ընդհանուր առմամբ, կապիկի ծաղիկի դեպքերը գրանցվել են աշխարհի 34 երկրում։
Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Վրաստանում երեկ հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։
«Կասկածելի դեպքի մասին գիտեինք և մշտապես կապի մեջ էինք վրացի գործընկերների հետ։ Նրանք ասել են, որ դեպքը բերովի է։ Վարակվածը երիտասարդ տղամարդ է»,- ասաց նա։