Պաշտոնական Երևանի դեմարշը

Պաշտոնական Երևանի դեմարշը

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուրբաթ օրն այցելել է ՀՀ ԱԳ նախարարություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը Ռուսաստանի դեսպանին «խիստ դժգոհություն» է հայտնել Հակարի կամրջի մոտ օրերս ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ: 

Ավելի պարզ, Երևանից ակնարկում են, որ ռուսներն օժանդակել են ադրբեջանական կողմին, երբ վերջինս սադրանքի է դիմել՝ փորձելով իր դրոշը տեղադրել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նույն ուրբաթ օրը տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որն առաջինի հետ ուղղակի կապ չունի, սակայն վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում զարգանում է նոր ճգնաժամ:

Կառավարությունից հայտնել են, որ Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար։

Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հայտնել էր, որ միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Մինչ այդ, Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման էր տվել։ Սրան էլ հաջորդեցին միջազգային իրավունքի մասնագետների պնդումները, թե Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում, Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահին։

Արդյո՞ք պաշտոնական Երևանը իրոք մտադիր է վավերացնել Հռոմի ստատուտը, թե՞ «ատամ» է ցույց տալիս Մոսկվային: Կամ գուցե Հռոմի կանոնադրությունը վավերացվելու է այնպիսի վերապահումներով, որոնք վերաբերելի չլինեն Պուտինի ձերբակալության թեմային:

Սրանք հարցեր են, որոնք առաջիկայում էական ազդեցություն են ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ավելի գլոբալ համատեքստում

 

Վահրամ Բագրատյան