Ափսոսում ենք, որ բժիշկները այդպես էլ թույլ չտվեցին հանդիպում Հայկի հետ, որ եղբայրս իմանա՝ մենակ չէ…

Ափսոսում ենք, որ բժիշկները այդպես էլ թույլ չտվեցին հանդիպում Հայկի հետ, որ եղբայրս իմանա՝ մենակ չէ…

Ստեփանակերտում Հայկ Իշխանյանին ճանաչում էին բոլորը։ Նա շուրջօրյա գործող միակ դեղատան աշխատակիցն էր։ Քույրը՝ Անուշ Թավադյանը MediaHub-ին պատմեց ուղիղ 4 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին իրենց ընտանիքում կատարված ամենաողբերգական պատմությունը։ 
Հայկը ևս աղետի գոտում էր։ Մինչ սեպտեմբերի 25-ը Հայկը վառելիք էր փնտրում, անգամ ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը ցանկացած գնով վառելիք գնելու մասին է։ Հրադադարից հետո ամեն օր Հայկը բենզնալցակայաններում էր։ Քույրն ասում է, որ տանը որոշ քանակի կար, բայց ասում էր՝ «վախենում եմ, խցանումների մեջ քչություն անի»։ 

«Ամուսինս աշխատավայրում էր, ես երեխաների հետ տանը։ Այդ օրը երեկոյան մայրս զանգեց ու տագնապահար ձայնով պատմեց կատարվածի մասին։ Ես, բնականաբար, հանգստացրեցի նրան, ասելով, դեռ չգիտենք ինքը ո՞ր լցակայանում է։ Մտքովս չէր անցել, որ դա լցակայան չէր, պահեստ էր, իսկ կատարվածը՝ իսկական աղետ»,- ասաց Անուշը։ 

Հետո, երբ սկսել են որոնել Հայկին ու չեն գտել, նրա կինը Էլինան ու հարազատներն այցելել են հիվանդանոցներ։ 
«Ինձ համար դժվար էր եղբորս տեսնել այդ վիճակում։ Գրեթե անճանաչելի էր, մարմինն այրվածքների մեջ, ինքը անասելի ցավեր ուներ։ Ես երբեք չեմ մոռանա տեսարանները, որ այդ օրը կար Ստեփանակերտի հիվանդանոցներում։ Նույնիսկ հիմա պատմելիս վերհիշում ու փշաքաղվում եմ»։ 

Հաջորդ օրը Երևանից Ստեփանակերտ եկան փրկության ուղղաթիռները։ Հայկը տեղափոխվեց Երևան։ Նրա կինը՝ Էլինան, 2 մանկահասակ երեխաների հետ դեռ Ստեփանակերտում էր։ Ամուսնուն ճանապարհելուց հետո, նա Անուշի ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը։ 

«Երկու օր անցանք դժոխքի ճամփան, բարեբախտաբար անվնաս։ Ափսոսում ենք միայն, որ Երևան տեղափոխվելուց հետո բժիշկները Հայկի հետ հանդիպում թույլ չեն տվել, որ գոնե եղբայրս իմանա, որ ինքը մենակ չէ, մենք իր կողքին ենք։ Միայն ասել են այրվածքները շատ է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջին անգամ նրան տեսել ենք Ստեփանակերտի հիվանդանոցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հոկտեմբերի 4-ին Հայկի ծնունդն էր, 26 տարեկան դարձավ։ Ընտանիքի անդամները տորթ են գնել, որ բուժանձնակազմը տանի նրա մոտ, բայց չեն ընդունել, ասելով՝ «Հայկի առողջական վիճակը կայուն չէ»։ 10 օր շարունակ Հայկը կռիվ էր տալիս կյանքի ու մահվան դեմ։ Բժիշկները նրան դիալիզ անելու համար ընտանիքի թույլտվությունն են խնդրել։ 

«Ասացինք՝ «եթե դա է փրկությունը, արեք»։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան զանգեցին, ասացին՝ «հիվանդի սիրտը կանգնել է»։ Մինչ մենք պատրաստվում էինք գնալ, ասացին, որ էլեկտրաշոկով վերակենդանացրել են, մեր ուրախությանը չափ չկար»,- հիշում է Հայկի քույրը։ 

Անուշ Թավադյանը ցավով նշեց, որ եղբոր սիրտը հերթական ու վերջին անգամ դադարեց բաբախել հոկտեմբերի 6-ին, նա հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Հայկը մասնագիտությամբ դեղագետ էր։ Դեղատանը երեկոյան հերթափոխով աշխատելուն զուգահեռ զբաղվում էր նաև եվրոպատուհանների արտադրությամբ, բայց արդեն վերջին տարիներին աշխատանքի էր անցել Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։ Պատերազմից հետո շուրջ հինգ օր տուն չի եկել, հերթապահություն էին իրականացնում Ստեփանակերտի արվարձաններում։ «Ամեն ինչ անում էր ընտանիքի ծախսերն ապահովելու, զավակներին լավ ապագա պարգևելու համար, բոլոր առումներով օրինակելի տղամարդ էր»։  

Հայկ Իշխանյանը 2015-2017 թթ․ ծառայել է ՊԲ շարքերում։ 2017-2019 թվականներին՝ ծառայությունը շարունակել է Շուշիի զորամասում, իսկ 2019-2020-ին՝ Հայկազովում, 2020-2021թվականներին՝ կենտրոնական պաշտպանական շրջանում։ 2023-ին ծառայության է անցել Ազգային անվտանգության ուժերում։ 

Նա մասնակցել է ապրիլյան քառօրյա, սեպտեմբերյան 44-օրյա մարտերին, ինչպես նաև անցած տարի Արցախի դեմ սկսված լայնամասշտաբ պատերազմներին։ 

4 ամիս առաջ Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած կրակը խեղեց ևս մի երջանիկ ընտանիքի ճակատագիր։ Հարազատները երբեք անցյալով չեն խոսում Հայկի  մասին։ 

Հունան Թադևոսյան