Կինոն սկսված է․ հանգիստ նստեք տեղներդ, նայեք, վերջում չմոռանաք ծափահարել, մեզ մոտ դա հրաշալի է ստացվում

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի արտաքին մարտահրավերների ու երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո անցնելով պարտության միջով, ձեռք ենք բերել լիակատար անկախություն, ինքնիշխանություն: Ներկաները, սակայն, որևէ կերպ չեն հակադարձել Փաշինյանի ոչ միայն այս, այլև մյուս վտանգներ պարունակող խոսույթին։
Սոնա Թադևոսյանը, որ ԱՄՆ-ից բոլորովին վերջերս է տեղափոխվել Հայաստան, ընդգծում է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասի նախնիները 1915 թվականի մեծ կոտորածի հետևանքով են Արևմտյան Հայաստանից բռնի տեղահանվել ու հաստատվել այնտեղ։
«Ինձ չի զարմացնում, որ նրանցից ոչ ոք չի հակադարձել Նիկոլ Փաշինյանին, չեն հետաքրքրվել Հայաստանի ապագայով կամ վտանգների ռիսկերից։ Նրանք վաղուց իրենց ամերիկացիներ են համարում։ Տարվա մեջ մի քանի անգամ գումարներ են փոխանցում տարբեր հիմնադրամների, երկրի հանդեպ իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը համարում ավարտած։ Իսկ Փաշինյանը, օգտվելով առիթից, իր հին երգն է երգում, դրանով ավելի ամրապնդում իր դիրքերը 2026-ի սպասվող ընտրություններին։ Ես լավ եմ ճանաչում հանդիպման մասնակիցներին, անգամ հոգևորկաններին, որ իրականությունից կտրված, անտարբեր նստած լսում են»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է երիտասարդ կինը, ապա զարմանում, թե ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը սեփական երկրում ուրանում է Արցախը, հետո ԱՄՆ-ում խոսում 44-օրյա պատերազմից, որում կրած պարտությունն իբրև Հայաստանին անկախանալու հնարավորություն է տվել։
«Իսկ մինչև 2020 թվականը մենք որտե՞ղ ենք ապրել։ Նրան լսողները ցեղասպանված ժողովրդի ժառանգներ են։ Տեսեք, այսօր Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին, իսկ Հայաստանի մայրաքաղաքում ձերբակալում են հայերին՝ «Ղարաբաղ, մեր հայրենիք» երգը երգող էթնիկ ադրբեջանցիների հանդեպ իբր անհանդուրժողականություն ու ատելություն տարածելու համար։ Կինոն սկսված է։ Ինչպես դասականը կասեր՝ «հանգիստ նստեք տեղներդ ու նայեք շարունակությունը», վերջում չմոռանաք ծափահարել, դա մեզ մոտ հրաշալի է ստացվում»,- հավելեց Սոնան։
Հունան Թադևոսյան