Նոր ծախս, նոր հոգս. արդյո՞ք Կենտրոնի բնակիչները կարող են դիմել դատարան

«Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձավ 160 հազար դրամ։ Այն, ինչից ուզում էին խուսափել Երևանի բնակիչների մեծ մասը, դարձավ իրականություն։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Կենտրոնի բնակիչներից և նրանցից, ովքեր աշխատում են կենտրոնում։ Բայց, թերևս, ամենից վատ վիճակում հայտնվել են Կենտրոնում բնակվողները, որոնց ընտանեկան ծախսերը, փաստացի, կավելանան տարեկան 160 000 դրամով... եթե չունեն ավտոտնակ:
Երևանի ավագանու կողմից որոշումն ընդունելուց հետո Կենտրոնի բնակիչներն ահազանգում են, որ կդիմեն փաստաբանի, քանի որ իրենց շենքը չունի բակ (շինարարական բումի պատճառով), իրենց մեքենաները կայանում են փողոցում, ու եթե որոշները տարեկան 12.000 դրամ էին վճարում, ապա այժմ ստիպված կլինեն վճարել 160 հազար դրամ։
«Որպես կենտրոնի բնակիչ և վարորդ ասեմ, որ այս թանկացումը աբսուրդ է։ Մեկ-մեկ մեր շենքի բակում, երբ ազատ տեղ չի լինում, ես ստիպված մեքենան կայանում էի փողոցում՝ նախապես «կարմիր գծերի» համար վճարելով տարեկան 12.000 դրամը, իսկ հիմա, փաստացի, եթե իմ բակում տեղ չլինի, ստիպված կլինեմ կայանել փողոցում՝ օրական 2 000 դրամ վճարելով»,- ասում է Կենտրոնի բնակիչ Դիանան։
MediaHub-ը կապ հաստատեց փաստաբանների հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք Կենտրոնի բնակիչները կարող են դիմել դատարան, որպեսզի պաշտպանեն իրենց շահերը և, օրինակ, Երևանի ավագանին նրանց արտոնություն տրամադրի և բնակիչների համար դրույքաչափի վճարումը չլինի պարտադիր:
Փաստաբանների խոսքով՝ օրենքը դեռ նոր է ընդունվել, և քաղաքապետարանից համապատասխան որոշումներ պետք է ընդունվեն, այժմ չկան իրավական հիմունքներ այդ վարույթները նախաձեռնելու համար։
«Այս օրենքը աբսուրդ է, իրենք ցանկանում են, որ Կենտրոնում քիչ մեքենա լինի, այն բեռնաթափվի, բայց ունենք մի իրավիճակ, որ բացի նրանից, որ թանկանում է ժամավճարը, դրա հետ միասին թանկանալու է նաև ստորգետնյա կայանատեղիների վճարը։ Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը, որոնք միջինում կազմում են 150.000-200.000 դրամ, բնականաբար, քչերը կկարողանան վճարել 160 հազար դրամները։ Բակերն էլ փակելու են և ուղեփակոցներ ավելացնեն այնտեղ, որտեղ դեռ չկան»,- ասում է կենտրոնցի Աննան։
Այս տողերի հեղինակը նույնպես Փոքր կենտրոնի բնակիչ է և «կարմիր գծերի» գնի թանկացումը ազդելու է ոչ միայն նրանց վրա, ովքեր ավտոմեքենա են վարում, այլ նաև նրանց, ովքեր բնակվում են Կենտրոնում։ Հասկանալի է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել «կարմիր գծերի» դրույքաչափը, փորձելու են կայանել իրենց մեքենաները բակերում, որտեղ պատահի՝ այդպիսով խոչընդոտելով այդ բակերի բնակիչների բնականոն կյանքը մեքենաների քանակով ու աղմուկով:
Իսկ այդ նույն շենքում բնակվողը նրանց պատճառով շատ անգամ ստիպված կլինի աշխատանքային ծանր օրվանից հետո մտածել, թե որտեղ կայանի մեքենան, քանի որ բակը զբաղված է:
Մի խոսքով՝ ինչպես միշտ բարդացնում են քաղաքացու կյանքը և ոտնահարում նրա իրավունքները:
Հիշեցնենք, որ «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ: Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։
Մարիաննա Արամյան