Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցի հետևանքով վնասվել է «ոստիկանների բանտ»-ի պատուհանը

Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցի հետևանքով վնասվել է «ոստիկանների բանտ»-ի պատուհանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահից, ով հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում կրակոց են արձակել բանտի ուղղությամբ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Էրեբունու բաժնի օրվա պատասխանատու հերթապահը: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատուն հայտնել է, որ կրակոցի արդյունքում վնասվել է շենքի պատուհանը, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում և ով է կրակոցի հեղինակը, և ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: