Եթե մեկն ապացուցի, որ ամառային անվադողով ՇՕ մեքենա կա, դիմում կգրեմ, ներողություն կխնդրեմ, կգնամ. տնօրեն

Եթե մեկն ապացուցի, որ ամառային անվադողով ՇՕ մեքենա կա, դիմում կգրեմ, ներողություն կխնդրեմ, կգնամ. տնօրեն

Արխիվային լուսանկար

 

Երեկվանից սկսած Երևանի «Շտապ օգնություն» ՓԲԸ է դիմել 831 քաղաքացի: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

Նա նկատեց` 2 կանչով միայն չեն հասցրել ժամանակին մոտենալ, և բարեբախտաբար, թեթև դեպքեր են եղել:

«Անխոչընդոտ կարողացել ենք աշխատել, չնայած մամուլը գրում էր, թե մեքենաներն ամառային անվադողով էին»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյո՞ք ամառային անվադողերով ՇՕ մեքենաներ չեն եղել երեկ, Ռուբեն Գրիգորյանը պատասխանեց` ոչ:

«Եթե էդ մեքենա բրդելու դեպքերն եք ասում, ապա նման մոտ տասը դեպք է եղել: Դա անվադողերի ամառային-ձմեռային լինելու հետ կապ չունի: Ես ո՞նց կարող եմ մարդկանց կյանքերի հետ խաղալ: Եթե մեկն ապացուցի, որ ամառային անվադողով ՇՕ մեքենա կա, ես դիմում կգրեմ, ներողություն կխնդրեմ, կգնամ: Ախր դա էն բանն ա, որ ամեն տարի նորն առնում ու փոխում ենք սեզոնին, անկախ նրանից՝ ձյուն կա, թե չէ»,- նշեց նա:

Քանի որ ոչ միայն երթևեկելի մասերն են անմխիթար վիճակում, այլ նաև մայթերը, հետաքրքրվեցինք, թե սայթաքել, ընկնելու հետ կապված վնասվածքների ինչ վիճակագրություն կա:

«Ժամը 12-ի դրությամբ 7 դեպք ունենք, նախնական կարող եմ ասել, որ կոտրվածքներ են, բայց ավելի կոնկրետ բուժող բժիշկը կասի»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը:

Նարե Գնունի