Այս պահին «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին. Արթուր Վանեցյան

Այս պահին «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին. Արթուր Վանեցյան

«Այս պահին հստակ կարող եմ ասել, որ «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին, որպես կուսակցություն»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին էլ կհայտարարի իր դիրքորոշման մասին և ունի բավարար ռեսուրս առանձին մասնակցելու համար։

Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Արցախի հարցը փակված է միայն Նիկոլ Փաշինյանի գլխում, իսկ աշխարհում որևէ մեկի համար փակված չէ, նույնիսկ՝ Ալիևի համար։

Հիշեցնելով , որ այդ մոտեցման համար իշխանություններն ասում են, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը՝ Վանեցյանն ասաց. «Ոչ, մենք դեմ ենք պատերազմին, բայց կան միջազգային մեխանիզմներ, որով ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է հասնել հարցի լուծմանը»։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ասաց. ««Հայրենիք» կուսակցությունը, ընդդիմադիր, հայրենասեր քաղաքական ուժերը պետք է հասկանան մի բան, որ մենք դասական քաղաքական պայքարի մեջ չենք, իրականում՝ ազատագրական պայքարի մեջ ենք և բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատագրելու համար»։

Նա նկատեց, որ ժողովրդի մի հատվածը կտրուկ քայլեր է պահանջում, բայց ընդդիմությունն արդեն արել է հնարավոր կտրուկ քայլերը, մնում է միայն ռադիկալը՝ ահաբեկչությունը, որն ինքն անթուլատրելի է համարում, իսկ ընդդիմության պայքարը տվել է իր արդյունքները, ինչը ցույց են տալիս նույնիսկ իշխանական սոցիոլոգիական հարցումները։