Ալիեւը տասնամյակների մեղքը մաքրում է իր երկրից 

Ալիեւը տասնամյակների մեղքը մաքրում է իր երկրից 

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքվում այսօր շարունակվել է հայ ռազմագերիների շինծու դատավարությունը, որի ընթացքում ցուցմունքներ են տվել «տուժած» ադրբեջանցիները։

«Շոուն իրենց կեղծ դատավարության ամենաառանցքային մասն է։ Առանց դրա կիսատ-պռատ է։ Այսինքն, դատավարության սենյակ են բերում մարդկանց, ովքեր իբր թե վկայություն են տալիս, թե առաջին պատերազմի ժամանակ մենք վայրագություն ենք իրականացրել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ։ Մինչդեռ, պատերազմն Արցախի դեմ սկսել է Ադրբեջանը, որն ուղեկցվել է էթնիկ զտումներով։ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը, Մարաղայի կոտորածը ձեզ լավ օրինակ։ Այսինքն, այն ամենը, ինչ արել է Ադրբեջանը՝ Ղարաբաղի հայերի նկատմամբ, այժմ նույն մեղքը բարդում է հայկական կողմին»,- MediaHub-ին պատմում է ասկերանցի Վյաչեսլավ Դանիելյանը։ 

Լինելով Ղարաբաղյան շարժման ու պատերազմի առաջամարտիկ՝ Դանիելյանն իր աչքով է տեսել, թե ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել խաղաղ բնակիչները։ Հայ լինելու համար նրանք սպանվել են իրենց տներում, ճանապարհներին, մի մասը պատանդառվել։ 

«Շատերին, այդ թվում երեխաներին՝ մորթում էին իրենց շեհիդների գերեզմաններին, իբրև վրեժխնդրություն», - ասում է մեր զրուցակիցը։

Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատական նիստին Ղարադաղլի գյուղի բնակիչ Ռաֆիգ Գուլիևը պատմել է գյուղի վրա հայկական զինված ուժերի իբրև թե կրկնվող հարձակումների, ավտոբուսի գնդակոծությունների, ադրբեջանցիների սպանությունների մասին: Նա պնդել է, որ հայերն ասել են՝ «Ղարաբաղը հայերինն է, հեռացեք»: «Տուժողը» հայտնել է, որ իրեն, իր հորն ու մորը հայ զինվորները պատանդ են վերցրել, երբ Ղարադաղի գյուղը գրավվել է:

«Գիտեք, այսպիսի կեղծ տեղեկություններ գեներացնելով, Ալիևի իշխանությունն ամեն ինչ անում է, որ տասնամյակների մեղքը մաքրի իր երկրից, իսկ Արցախում իրականացված էթնիկ զտումն արդարացնի իբրև համարժեք պատասխան»,- ընդգծեց ասկերանցի մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հստակ թիվ չկա, դրանք անհաշիվ են։ Սակայն, ինքն իր պարտքն է համարել վավերագրել 1988-ից՝ Սումգայիթից սկիզբ առած ու մինչև 2023 թվականը՝ Հակարի Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունների վկայությունները։

Հունան Թադևոսյան