«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական։
Քաղաքական ուժը կանգնած է արգելքի առջև
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը (հակահետախուզություն) «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ճանաչել է որպես աջ ծայրահեղական։
«Այսօրվա դրությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դասակարգում է որպես հաստատված ծայրահեղական կազմակերպություն», - հաղորդել է հակահետախուզությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ AfD-ն «բնութագրվում է իր ծայրահեղական կողմնորոշմամբ և մարդկային արժանապատվության նկատմամբ անարգանքով»։
Ըստ իրավապահ կառույցի՝ կուսակցության ներկայացուցիչները անարդար են վերաբերվում փոքրամասնություններին, մասնավորապես՝ միգրանտներին և մուսուլմաններին, ինչը «նպաստում է այս խմբի մարդկանց նկատմամբ նախապաշարմունքների, դժգոհության և վախի տարածմանը և խորացմանը»։ Հակահետախուզությունը նաև նշել է, որ AfD-ն Գերմանիայի՝ մուսուլմանական երկրներից գաղթած քաղաքացիներին չի ճանաչում որպես հասարակության հավասար անդամներ։
Կուսակցությունը ենթարկվել է ստուգումների երեք տարվա ընթացքում։ Մասնագետները ուսումնասիրել են դրա ներկայացուցիչների հայտարարություններն ու վարքագիծը, այդ թվում՝ նրանց կապերը աջ ծայրահեղական խմբավորումների հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կուսակցության գործունեությանը վերջին երեք նահանգային խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավների ընթացքում։