Երևանի բյուջեում խնդրահարույց հարցեր կան․ աջակցում են իրենց հետ փոխկապակցված մարդկանց․ Հայկ Գրիգորյան 

Երևանի բյուջեում խնդրահարույց հարցեր կան․ աջակցում են իրենց հետ փոխկապակցված մարդկանց․ Հայկ Գրիգորյան 

Գործնականում Հայկ Մարությանը մեզ հետ է, թիմում է, բայց ես չգիտեմ՝ սպասվող նիստին նա կգա, թե ոչ։ Մանդատը վայր դնելու մասին քննարկումներ չկան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքապետարանի կայքում Հայկ Մարությանի մասին որևէ տվյալ չկա, Գրիգորյանը պատասխանեց, որ Մարությանը չի տրամադրել, իսկ  ճշտող հարցին՝ եթե ավագանու անդամ է, ապա ինչո՞ւ չի ներկայացրել, վերջինս պատասխանեց․ «Կամավոր բան է, ես էլ կարող էի չտալ, ով ուզում է, տալիս է»։ 

Խոսելով քաղաապետարանի աշխատանքների մասին՝ վերջինս նշեց, որ շատ թեմաներ կան, որ իրենց պատկերացումների հետ կապ չունեն։ «Կարմիր գծերից սկսած մինչև տրանսպորտի վիճակ, մեզ համար անընդունելի են»,- ասաց Գրիգորյանը։ 

Հարցին՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը կարմիր գծերի մասով իրազեկման ակցիաները է սկսել, արդյո՞ք «Ազգային առաջընթացը» մասնակցելու է դրանց, ավագանու անդամը պատասխանեց․ «Չենք քննարկել, այս պահին նման որոշում չունենք»։ 

Գրիգորյանի խոսքով՝ քաղաքային իշխանության կարծիքները տարբեր են, և այս պատճառով էլ համախմբված աշխատել չի ստացվում։ «Օրինակ՝ կարմիր գծերի մասով ընդդիմադիրների կարծիքը նույնն է՝ «դեմ ենք», բայց բաներ կան, որ մեկը կողմ է, մյուսը՝ դեմ, մեկը՝ բոյկոտում է, մյուսը՝ կողմ քվեարկում։ Կարմիր գծերի վերաբերյալ մենք դեմ ենք թանկացմանը, որովհետև այն որևէ խնդիր չի լուծելու, խցանման համար կարգավորում չի լինելու, մեքենան մեկ է, քաղաք է մտնելու, որովհետև գործ ունի. հարցը չի լուծվելու, քանի տրանսպորտի խնդիր ունես»,- շեշտեց ավագանու անդամը։ 

Հարցին՝ ծանոթացե՞լ է քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին և ի՞նչ խնդրահարույց հարցեր կան այնտեղ, վերջինս պատասխանեց․ «Բյուջեի կառուցվածքն ու տրամաբանությունը նույնն են մնում, սոցիալական հարցեր չի լուծում՝ ենթակառուցվածքների, ճանապարհների ու նույն տողերով անիմաստ ծախսեր կան՝ թե՛ աշխատավարձերի, թե՛ գործուղումների, թե՛ պարգևավճարների, թե՛, օրինակ, «բրուսչատկա» փոխելու մասին»։

«Փողոցների ցուցակ կա, որտեղ պետք է այցեր անենք ու համոզվենք՝ դրանք նորմալ փողոցներ են, սակայն իրենք ուզում են փոփոխություններ անել։ Իրենց հետ փոխկապակցված մարդիկ գործ են անում, իրենք էլ աջակցում են, սա է ամենամեծ խնդիրը»,- շեշտեց Գրիգորյանը։ 

Լիաննա Թորոսյան