Արցախի հարցում՝ վտանգավոր կոնսենսուս 

Արցախի հարցում՝ վտանգավոր կոնսենսուս 

Գլոբալ հակադրության պայմաններում, երբ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները զրոյական արդյունք ունեն և Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում, միջնորդ երկրների հակասությունները վերաբերում են տարածաշրջանի, կոմունիկացիաների վերահսկողության հարցերին ու կարելի է ասել՝ սոլիդար են ԼՂ սուբեկտության հարցում:

Օրերս Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է. 

«Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»:

Իհարկե, դեսպանը երեկ որոշակիորեն խմբագրեց իր կարծիքը, բայց չփոխվեց համատեքստը, որ Վաշինգտոնը ԼՂ-ն պատկերացնում է ունիտար Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի:
Երեկ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ցուցադրական ասում էր, թե «չի ճանաչում» Արայիկ Հարությունյանին, որն, ըստ էության, ոչ թե անհատական «չճանաչում» էր, այլ դա վերաբերելի էր հենց ԼՂ սուբյեկտությանը:

Նույնիսկ Հայաստանին ամենահոգեհարազատ դիրքորոշում ունեցող Ֆրանսիան առանձնապես «վարդագույն» պատկերացումներ չունի ԼՂ ապագայի վերաբերյալ: Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան շեշտել է, որ հայերը պետք է հնարավորություն ունենան ապրել Լեռնային Ղարաբաղում իրենց իրավունքների և մշակույթի հարգմամբ: Դժվար չէ պատկերացնել ֆրանսիական պատկերացումների նշաձողը՝ դա ԼՂ մշակութային ինքնավարությունն է:

Թերևս, սա այն առավելագույնն է, որին պետք է սպասել, երբ ԼՂ-ն դարձավ Ադրբեջանի «ներքին հարց», այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերով:

Վահրամ Բագրատյան