Անդրեասյան և Մինասյան. ընտիր գործիքակազմ` Վճռաբեկ դատարանի զավթման ավարտի համար

Անդրեասյան և Մինասյան. ընտիր գործիքակազմ` Վճռաբեկ դատարանի զավթման ավարտի համար

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դատական իշխանությունը այն հիմնական թիրախներից մեկն էր, որին ուղղված բազմաթիվ գործողությունների ականատես եղանք: Հիշում եք՝ դատարանները շրջափակելու կոչը, դատավորներին ակնհայտ ուղղություն տալը, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարում, քաղաքական հետապնդումներ, իշխանության կամքին ու ցանկությանը հակառակ վճիռներ կայացարած դատավորների հետապնդում և այլն... 

Եվ ահա, իշխանությունը իր կամակատարներին բերեց. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան: Հենց նրանք են լիազորված ավարտին հասցնել դատական իշխանությունը գրավելու առաքելությունը, և ուշագրավն այն է, որ այս առաքելության կատարողներից մեկը՝ Կարեն Անդրեասյանը, դեռ տասը տարի առաջ ի պաշտոնե ուղիղ հակառակն էր անում. որպես ՄԻՊ նա պաշտպանում էր մարդու իրավունքներն ու նույն այդ դատարանները իշխանությունների ոտնձգություններից:   

Մենք ականատես եղանք, թե ինչպես իշխանությունը զավթեց Սահմանադրական դատարանը, որից հետո հերթը ընդհանուր իրավասության դատավորներինն է. սա այդքան էլ հեշտ գործ չէ, քանզի նրանց  թիվը մոտ 300 է, և ամենքին յուրային դարձնելը շատ ժամանակ կպահանջեր իշխանությունից, իսկ ժամանակը իշխանության օգտին չի: Հետևապես որոշում կայացվեց զավթել Վճռաբեկ դատարանն՝ իր չորս պալատներով, որպեսզի անգամ եթե առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում իրենց համար ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն, վճռաբեկ դատարանում միշտ հնարավորություն լինի փոխել դրանք հօգուտ իրենց: Վճռաբեկ դատարանի չորս պալատներից երեքը՝ քրեական, վարչական և հակակոռուպցիոն պալատներն այսօր գերազանցապես համալրված են քաղաքական իշխանությանը սպասարկող դատավորներով:

Ունենք մի իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը: Օրերս հայտնի դարձավ ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորների (որոնցից 2-ը՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատից) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի մասին: MediaHub-ին հայտնի դարձավ, որ չորս դատավորներից երկուսը բացատրություն են ներկայացրել ԲԴԽ-ին՝ մատնացույց անելով վարույթի բոլոր աղաղակող խախտումները: Սա, նկատենք, ուղղակի խայտառակություն է և թերևս այդ պատճառով է, որ ԲԴԽ նիստը դեռևս նշանակված չէ՝ փորձում են հասկանալ, թե ինչպես դուրս գան այս խայտառակության տակից: Բայց մեկ բան հստակ է՝ իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այս գործով դադարեցնել դատավորների լիազորությունները: Անգամ եթե այդ անօրեն ճանապարհը կնկարագրվի միջազգային կառույցների հերթական զեկույցներում. Կարևորը նպատակին հասնելն է, իսկ եղանակները քիչ են հետաքրքիր:

Ի դեպ, հիշեցնենք, որ հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը «Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող մարտահրավերների (խնդիրների) վերաբերյալ» բանաձև ընդունեց,  դրանում մատնանշելով մեծ թվով խնդիրներ:

«Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»,- մասնավորապես ասված էր բանաձևում:

Բայց քաղաքական իշխանությունը, վստահ ենք, կանգ չի առնելու ու փորձելու է հասնել իր նպատակներին՝ վերջնականապես թաղելով արդարադատությունը Հայաստանում: Ի վերջո, կատարածուները՝ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը բազմիցս ապացուցել են, որ հենց դրա համար են բերվել իշխանության ու լավ գործիք են: