Հնդկաստանի և Պակիստանի շփման գծում գիշերը հանգիստ է անցել

Հնդկաստանի և Պակիստանի շփման գծում գիշերը հանգիստ է անցել

Հնդկաստանի և Պակիստանի միջև Ջամմու և Քաշմիրում շփման գծում գիշերը հանգիստ է անցել՝ առանց որևէ միջադեպի, երկուշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխգնդապետ Սունիլ Բարտհվալը։

«Ոչ մի միջադեպի մասին հաղորդումներ չեն եղել, սա վերջին օրերի առաջին հանգիստ գիշերն էր», - ասել է նա։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,  որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսլամաբադը իրավունք ունի համարժեք արձագանքել։