«Բուկինիստի» անբարեխիղճ շնորհավորանքը ծնողներին. Ամանորին ընդառաջ գրքերը թանկացել են

Ամանորին ընդառաջ շատերը փորձում են գերշահույթ ապահովել այն հիմքով, որ մարդիկ շատ գնումներ են անում և բացի տոնական սեղաններից մտածում են նաև հարազատների համար նվերներ գնելու մասին: Հերթական անբաչեխիղճ մոտեցմանն առնչվեց հենց MediaHub-ը:
Անբարեխիղճն այս դեպքում «Բուկինիստ» գրախանութն է:
Եվ այսպես, մենք գնել ենք մի քանի հեքիաթներ և դրանցից մեկի վրա փակցված գնապիտակի տակ հայտնաբերեցինք մեկ այլ գնապիտակ՝ շուրջ 1200 դրամ պակաս արժեքի մասին վկայող:
Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» գիրքը մենք ձեռք ենք բերել 2800 դրամով, սակայն հայտնաբերված գնապիտակը վկայում է՝ գիրքը իրականում վաճառվել է 1680 դրամով, բայց, թերևս, «Բուկինիստը» որոշել է այս օրերին գերշահույթ ապահովել՝ գինը կտրուկ թանկացնելով: Թե ի՞նչ գնահատական տալ այս երևույթին թողնում ենք մեր ընթերցողների հայեցողությանը:
Իսկ մենք դիմեցինք գրախանութին հասկանալու, թե ի՞նչ երևույթի հետ ենք առնչվել՝ հերթական թանկացմա՞ն, թե՞ գերշահույթ ապահովելու ձգտման: «Բուկինիստից» նախ մեզ հարցրեցին, թե ո՞ր մասնաճյուղից ենք գնել գիրքը, այդտեղից մեզ մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ տարբերություն, արդյո՞ք տարբերվում են գները ըստ մասնաճյուղերի։
«Ընդհանրապես, Ամանորի հետ կապված առանձնահատուկ թանկացումներ չեն կարող լինել մասնաճյուղում, բոլոր գրախանութներում տեղական գրքերի արժեքը նույնն է։ Մասնաճյուղը չի կարող դնել և գիրքը թանկացնել, ամբողջը ծրագրային է»,- ասացին MediaHub-ին գրախանութից։
Հարցին, թե ի՞նչ արժե Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» գիրքը, մեզ ասացին․ «Գրքի արժեքն եղել է 2800 դրամ, թանկացում չի եղել, գիրքը ո՛չ միրգ է, ո՛չ էլ բանջարեղեն, որ Ամանորին ընդառաջ թանկացնենք»։
Սակայն, փաստացի, մենք հենց այդ երևույթին առնչվեցինք, որ գրքի արժեքը կտրուկ թանկացրել են, բայց «ալարել են» նախկին գնապիտակը հեռացնել և ուղղակի փակցրել են վրայից:
Իսկ թե ինչո՞ւ էր գրքի վրա երկու գնապիտակ՝ գրեթե 1200 դրամ պակաս արժեքով, այդպես էլ պարզ չեղավ: Ու որքան էլ պնդեցին, թե ո՛չ միրգ են վաճառում, ո՛չ էլ բանջարեղեն, որ թանկացնեն, փաստը մնում է փաստ:
Մարիաննա Արամյան