Ուզում էր որդու ձայնը լսել, չէր հավատում, որ ողջ է․ հորս սիրտը կանգ առավ Իվանյանի օդանավակայանի տարածքում

Ուզում էր որդու ձայնը լսել, չէր հավատում, որ ողջ է․ հորս սիրտը կանգ առավ Իվանյանի օդանավակայանի տարածքում

Անձրևի պես արկեր էին թափվում, Արցախի երկինքը կարմիր էր։ Պատերազմ էր՝ պատերազմական բոլոր կանոններից դուրս։ Մի կողմից բանակը, մյուս կողմից բնակավայրերում ձևավորված աշխարազոր ուժերը կռիվ էին տալիս թշնամու դեմ անհավասար մարտերում։ Մի ամբողջ օր զենքը ձեռքից վայր չէր դրել նաև Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի 60-ամյա բնակիչ Ռուբեն Կոնջորյանը։ Հակառակ որդու՝ Գարիկի հորդորներին, նա սեպտեմբերի 19-ին միացել է գյուղի ինքնապաշտպանությանը։ Սակայն, հաջորդ օրը ենթաշրջանը, այդ թվում և Զագլիկը տարհանելու հրաման են իջեցրել։

«Մեր գյուղապետը տրամադրեց անհրաժեշտ քանակի վառելիք ու սեպտեմբերի 20-ի առավոտյան մենք էլ դուրս եկանք գյուղից, քանի որ ադրբեջանցիներն արդեն քայլ առ քայլ մոտենում էին բնակավայրերին։ Մեզանից ոչ հեռու՝ Գետավանն արդեն իրենց վերահսկողության տակ էր անցել։ Մենք հանել ենք զինվորական համազգեստը, բայց զենքերը պահել ենք մեքենայում, որ անհրաժեշտության դեպքում՝ կիրառենք»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է Գարիկ Կոնջորյանը։ 

Գարիկի մյուս եղբայրը՝ ՊԲ զինծառայող Մխիթարը՝ Մաղավուզի D20-ի  դիրքերում էր։ Նրանից առանց տեղեկություն իմանալու Կոնջորյանները ևս տեղափոխվել են Իվանյանի օդանավակայան։ 

«Իսկական իրարանցում էր ռուսների կենտրոնակայանում։ Քանի որ հեռախոսակապ չկար, բոլորն իրար էին փնտրում։ Մեկը որդու համար սուգ էր ասում, մյուսը դիրքերում գտնվող հարազատից լավ լուր էր ստանում, որոշները անորոշությունից ուշաթափվում էին։ Մարդիկ սոված, հյուծված օրերով մնացել են այնտեղ, ոչ մի տեղից ոչ մի օգնություն։ Ամեն մի օրը հորս համար մի տարի էր թվում, անընդհատ Մխոյից էր հարցնում, իսկ եղբայրս անհասանելի էր, Մարտակերտի շրջանի հետ անգամ ներքին  կապ չի եղել»,- հիշում է Գարիկը։ 

Սեպտեմբերի 23-ին Գարիկը վերջապես լուր է ստացել, որ Մխիթարը ողջ է, սական ստորաբաժանումը շրջափակման մեջ է հայտնվել։ Նրան ասել են նաև, որ ռուս խաղաղապահները պետք է հաջորդ օրը գնան ու տարհանեն զինծառայողներին։ Հասկանալով Ռուբենի անհանգստությունը՝ Գարիկը շտապել է լուրը փոխանցել ընտանիքին։

«Հայրս չէր հավատում, անընդհատ ասում էր ինձանից բան մի թաքցրեք, ես նրան համոզում էի, որ ամեն բան լավ կլինի, կարևորը ողջ է, բայց ինքն ուզում էր Մխոյի ձայնը լսել։ Ու այդ անորոշության ու իրարանցման մեջ հորս սիրտը դադարում է բաբախել նույն պահին։ Չգիտեմ հավատաց ինձ, թե ոչ, որ Մխիթարը ողջ է, գուցե  ուրախությունից մահացավ հենց օդանավակայանի տարածքում»,-7 ամիս առաջ կատարված ողբերգությունն է հիշում Գարիկը։

Ընտանիքը Ռուբեն Կոնջորյանին հուղարկավորել է հաջորդ օրը Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Հուղարկավորությունից ժամեր անց դիրքերից վերադարձել է  Մխիթարը։ 

«Մենք գրկել ենք իրար ու լաց եղել, առանց որևէ բառ փոխանակելու։ Հայրս մահացավ կարոտից ու հայրենիքի կորստից, բայցև արժանացավ Արցախի հողին, պարզապես մենք մեր տեղը չենք գտնում, որ նրա գերեզմանը հեռու է ու անհասանելի»,-հավելեց Գարիկը։ 

Նշենք, որ Կոնջորյանները մասնակցել են Արցախի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմներին։ 3 որդիների հետ միշտ առաջին գծում է եղել Ռուբենը, որի սիրտը չդիմացավ 2023-ի սեպտեմբերին՝ անորոշության ու պարտադրված գաղթի  պատճառով։ 

Հունան Թադևոսյան