«Զինադադարից հետո 3 օր մարտ ենք վարել, շրջանցել ադրբեջանական դիրքերը, որ գերի չընկնենք..․ ու այսպիսի ավարտ»

Արցախից բռնի տեղահանված ու Երևանում ապաստանած Արթուրի ընտանիքն օրը լուսացնում է Արցախի մասին հուշերով, ավարտում՝ ամենալուսավոր հիշողություններով, որ այսօր անցյալում են։ Արթուրը, որ զինծառայող էր, հեռախոսի մեջ պահպանել է հիմնականում դիրքերում արված իր լուսանկարները՝ Մռավի լեռնաշղթայի արևածագն ու աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները, որ բացվում էին միայն Մռավի ալպիական հովիտներում։
Նկարելու հետ սեր ունի Արթուրը։ Հիմա էլ Երևանում տեսնում է գեղեցիկը, ֆիքսում իր հեռախոսով։ MediaHub-ի հետ զրույցում նա ավելի շատ ներկայացնում էր իր լուսանկարների պատմությունը, ասելով, որ պատերազմից առանձնապես պատմելու բան էլ չկա, հետո մտորում է, ափսոսում:
«Գուցե այսպիսի ավարտ չունենար մեր պատմությունը, եթե ժամանակին բոլորին զինեին։ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում ու սկսվեց մեր պարտությունը։ Բանակը դիմադրություն ցույց տվեց, մենք ծանր մարտերի մեջ էինք, թշնամին տեսնելով այդ ամենը՝ անակնկալի է եկել։ Գիտե՞ք, ինչքան կորուստ ենք պատճառել դրանց»,- ասում է մեր զրուցակիցը։
Արթուրն իր մարտական ընկերների հետ սեպտեմբերի 15-ին համար 1 հրամանով բարձրացել է դիրքեր։ Սովորականի պես անցել են ծառայության։ Նախորդող օրերին թշնամին իրենց ուղղությամբ էլ զորք ու տեխնիկա էր կուտակել։ Անհանգստացնող էր։
«Ռազմագործողություններից րոպեներ առաջ, կապ բռնելու համար, մի 100 մետր բարձրացել եմ դիրքից, խոսել կնոջս հետ։ Նա ասաց, որ երեխային դպրոցից տուն են ուղարկել և որ Հարավ գյուղում իրավիճակի սրում կա։ Երբ անջատեցի հեռախոսը, եղբորս տղան զանգեց, էլի հարցրեց` մեր մոտ ի՞նչ վիճակ է, ես ասացի, որ հանգիստ է։ Զրույցն ավարտելուց հետո սկսվեց, եկան «սնարյադները»»,- պատմում է նա։
Թեժ էին մարտերը Մարտակերտի ու Շահումյանի շրջանների արանքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արթուրն ասում է, որ իրենց խումբը, բարեբախտաբար, վիրավոր ու զոհեր չի ունեցել, փոխարենը թշնամուն լավ «դաս են տվել» և նրանց ճամբարում խուճապ կար։
«Հաջորդ օրը զինադադարն էր։ Մենք «ռացիայով» լսում էինք, թե ինչ է կատարվում մյուս դիրքերում և որ կրակի դադարի մասին պայմանավորվածություն կա։ Մենք մնացել էինք շրջափակման մեջ, 4 կողմը՝ ադրբեջանցիներ։ Տղաներով որոշեցինք սպասել, մինչև կգան մեր հետևից։ Հասկանալով, որ հնարավոր է հակառակ սցենարը լինի, գերի չընկնելու համար, ոտքով անցանք անտառներով, հասանք Չափար գյուղ, որտեղ դատարկ էր՝ գյուղը տարհանվել էր, հետո Հաթերքում մի քանի տղամարդու հանդիպեցինք։ Մեզ պատմեցին, որ բոլոր գյուղերի բնակիչները գտնվում են Իվանյանում, մի մասը՝ Ստեփանակերտում»,- հիշում է նա։
Դատարկված գյուղերով, անտառների միջով ջոկատն անցել է երկար ճանապարհ։ Ծմակահողի տներից մեկում հաց են կերել ու ադրբեջանական հենակետերը շրջանցելով, նրանց հետ մարտ վարելով, հասել Ստեփանակերտ։
«Ամբողջ ճանապարհին մեզ կրակում էին, մենք պատասխան կրակ էինք բացում, հետո առաջ շարժվում։ 3 օր անց գիշերը հասել եմ տուն։ Ինձ սպասում էին մայրս, կինս ու 3 երեխաներս։ Նրանք ամենավատը մտածելով, սկսել են որոնել ինձ։ Շատ դաժան օրեր էին, արի փակենք այս թեման.... դրախտավայր ենք կորցրել»,- վշտանում է մեր զրուցակիցը, նորից անցնում իր նկարներին, որ հավերժացրել է Արցախի լեռներում։ Միայն նկարները թերթելիս է Արթուրի դեմքին ժպիտ հայտնվում։
«Տեսնես, նորից կտեսնե՞մ այս լեռները, միայն այնտեղ կարելի էր տեսնել երկնքի ու երկրի գրկախառնությունը։ Արցախում եմ ես, տեղահանվելուց հետո ավելի եմ սիրահարվել իմ ծննդավայրին։ Ափսոսում եմ, որ նկարներ ավելի շատ չեմ արել»...
Հունան Թադևոսյան