Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Մամուլը՝ սուրճով

Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Մամուլը՝ սուրճով

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ական պատգամավորների հավաքած ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են։ Երեկ այս մասին նրանց տեղեկացրել է ՔՊ խմբակցության վերնախավը՝ խմբակցության նիստի ընթացքում։ 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել նախաձեռնությանը։

 

Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերեւս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։

 

Այսպիսով, այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է` նրանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ ՔՊ-ական մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանը նախարարից ազատվելու որոշում չի կայացնի»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թ․-ի հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար, մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»:

Մինչդեռ իրականում Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը։

2021 թ․-ի փետրվարի 9-ին ԱԺ ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։ Փաշինյանը նորից խաբեց»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։

Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 տասնյակ աջակիցներ երեկ բողոքի ակցիա էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով լուծել վտարանդի արցախցիների սոցիալական խնդիրները, բողոքում էին, թե ԱՀ քաղաքական ղեկավարությունը չի զբաղվում այդ խնդիրներով, պետք է մի կառույց ձեւավորել՝ Բաբայանին նշանակել ղեկավար, որ այդ խնդիրները լուծվեն, օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ոչ թե 3-ական միլիոն տրամադրեն, այլ Բաբայանի ծրագրով՝ 7 մլն։ Մինչդեռ այս հարցերի հասցեատերը ոչ թե Արցախի ներկայացուցչությունն է, այլ՝ ՀՀ կառավարությունը, որը մերժեց ԱՀ իշխանությունների՝ 1 շնչին 5 մլն դրամ տալու նախագիծը։

Իսկ զավեշտն այն էր, որ Բաբայանի կողմնակիցներն Արցախի քաղաքական վերնախավին սպառնում էին ջրի երես հանել թալանը, պահանջում էին, որ Արցախի ներդրումային հիմնադրամի մասով քննիչ հանձնաժողով ստեղծվի: Հիշենք, որ բլոկադայի ժամանակ հենց Բաբայանի կուսակիցներն են ԱԺ-ում տապալել ընդդիմության նույն նախաձեռնությունը։ Իրականում, Բաբայանը փորձում է արցախցիներից ձեւավորել ՀԿ՝ անիմաստ դարձնելով Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, սակայն դա չի ստացվում․ երեկվա հավաքը սակավամարդ էր»: