Իշխանության ցինիզմը

Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող բանակցություններին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկում, քանի որ Արցախի ժողովրդից մանդատ չի ստացել նրանց ապագայի շուրջ բանակցելու համար.
«Մենք կարգավիճակի շուրջ չենք բանակցում և էդպիսի հավակնություններ չունենք, բայց որպեսզի խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, լինի կայուն, երկարատև, պետք է, որ առկա խնդիրները հասցեագրվեն։ Իսկ էդ խնդիրները կան։ Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր։ Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»։
Միրզոյանի ցինիզմն ապշեցուցիչ է:
Նրա փաստացի ղեկավարը 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է քառակողմ հայտարարություն, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց փաստաթղթային երաշխիքներ ստանալու ԼՂ սուբյեկտության համար, իսկ այս օրերին Փաշինյանն անդադար նշում է, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86600 քկմ տարածքով: Այս հայտարարություններն, ըստ էության, նշանակում են, որ Հայաստանը համաձայնել է ԼՂ-ի ինտեգրմանն ունիտար Ադրբեջանին:
Այս ֆոնին Միրզոյանի երեկվա հայտարարությունը Արցախից «ձեռքերը լվանալու» բացառիկ ցինիզմի դրսևորում է: Իշխանությունը փորձում է առնվազն խուսափել իր վարած քաղաքականության պատասխանատվությունից՝ հասկանալով, որ դա հանգեցնելու է Արցախի հայաթափությանը:
Վահրամ Բագրատյան