Երևանը՝ «խաղից դուրս»․ բայց դա չարյաց փոքրագույնն է
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է պաշտոնական Երևանի պասիվությանը ուկրաինական իրադարձությունների համատեքստում ու դրան հակադրել է Բաքվի նախաձեռնողականությունը։
«Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ Եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն»,- իրավացիորեն գրել է փորձագետը։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանը չի էլ կարող ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարել, որովհետև ոչ մի կերպ չի հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքները, ըստ այդմ՝ մի երկիր է, որը կորցրել է իր սուբեկտությունն անգամ իրեն վերաբերող հարցերում, էլ ու մնաց՝ միջազգային օրակարգը։
Ադրբեջանը, հակառակը՝ փորձում է դիվանագիտական հարթության վրա կապիտալիզացնել պատերազմում տարած իր հաղթանակը։
Երևանը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում․ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ չեն հնչում պաշտոնական գնահատականներ, դիրքորոշումներ։ Բայց դա չարյաց փոքրագույնն է, որը գոնե մինչ այս պահը Հայաստանին հնարավորություն է տալիս չվերածվել Ռուսաստան- Արևմուտք հակադրության օբյեկտի։
Իհարկե, մեր ներքին դիսկուրսում առաջանում է հերթական վտանգավոր բաժանումը, այս անգամ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի կողմնակիցների միջև։
Զարմանալի կարելի է ռուսամետների կամ Ուկրաինայի կողմնակիցների հրճվանքի, միակողմանի կատեգորիկ գնահատականների վրա։
Ողջամիտ հայաստանցին, քաղաքական ուժը ոչ թե պատերազմի թեժացնում, կողմերից մեկի հաղթանակ կամ կապիտուլյացիա, այլ հրադադար ու խաղաղություն պետք է ուզեն։ Գլոբալ կայունություն. ահա սա պետք է լինի Հայաստանի քաղաքական ուժերի ցանկությունն` անկախ նրանց դիրքավորումից։
Վահրամ Բագրատյան