Սյունիքի կրակnցների ֆոնին աշակերտները պատրաստվում են Վերջին զանգին, 20 ընտանիք սպասում է տեղափոխվելուն

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիները ամենօրյա ռեժիմով կրակ են բացում։ Դիտավորյալ կրակում են գյուղերի ուղղությամբ՝ վնասելով բնակիչների տները, հոգեբանական ճնշում գործադրելով մարդկանց վրա։ Բնակիչները վախեցած են, մտածում են՝ պատերազմի վտանգ կա։
Այս օրերին հանրապետությունով մեկ դպրոցականները պատրաստվում են Վերջին զանգին, իսկ ընդամենը 59 աշակերտ ունեցող Սյունիքի Խնածախ գյուղի դպրոցին այս տարի հրաժեշտ կտա 9 աշակերտ։ Շրջանավարտ տղաներից մեկի ծնողը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Վերջին զանգը շատ համեստ են անցկացնելու․
«Կրակոցների տակ ի՞նչ Վերջին զանգ։ Բոլորս կրակոցներից անհանգիստ ենք, տրամադրություն էլ չունենք, ո՛չ մենք, ո՛չ էլ երեխաները։ Նշելու ենք Վերջին զանգը շատ համեստ, երեխաների համար ենք նշում»։
Շրջանավարտի մայրն ուրախությամբ է ասում, որ տղան շարունակելու է ուսումը համալսարանում՝ տնտեսագիտությունն է ընտրել։ Սակայն, մի փոքր վախով է ասում, որ զորակոչվելու տարիքն է, կրակոցներն անհանգստացնում են ծնողին։
Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ MediaHub-ին ասաց, որ շրջանավարտներից բոլորն իրենց ուսումը կշարունակեն բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում։
«Խելացի երեխաներ են, միասնական քննություններն արդեն հանձնել են, լավ արդյունքներ են գրանցել, ուղղակի ափսոսում եմ, որ գնացողները էլ չեն վերադառնա։ Ասում ենք 59 աշակերտ, պատկերացրեք, էս պահին իմ տեղեկություններով 20 ընտանիք սպասում է ուսումնական տարվա ավարտին, որ հեռանան։ Խնածախում ապագա չկա, կրակոցների տակ ի՞նչ ապագա»,- հարցնում է վաստակաշատ ուսուցիչը, ապա նշում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այլընտրանքային աշխատանք կարող են գտնել Հայաստանի քաղաքներում՝ հեռանում են։
Ինչ վերաբերում է Վերջին զանգի միջոցառմանը, ապա մեր զրուցակիցն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի համեստ են նշելու:
«Նախկին տարիների հետաքրքրությունը չկա։ Տարիներ առաջ մեծ խանդավառություն կար, ուրախ քեֆեր էինք կազմակերպում, լավ միջոցառումներ էինք պատրաստում։ Հիմա ո՛չ սիրտ կա, ո՛չ տրամադրություն։ Մի գյուղ, որ գտնվում է քո թշնամու ափի մեջ, ու ամեն օր կրակում են քո տների վրա, ինչի՞ վրա ուրախանանք։ Դրա համար մի փոքր միջոցառում ենք անելու, շրջանավարտներն արդեն նախապատրաստվում են»,- ասաց նա։
Այս գիշեր էլ են կրակել գյուղի ուղղությամբ, խնածախցիները նշում են, որ կրակել են ուղիղ գյուղի ուղղությամբ, և ինչպես արդեն սովորել են՝ կրակոցների ժամանակ բոլորը մտել են տները, պատուհանների մոտ չեն մոտեցել։ Ինտենսիվ կրակոցներն այս գիշեր եղել են տարբեր ժամերի, ինչը նշանակում է, որ բնակիչները շարունակում են անհանգիստ ապրել հարազատ գյուղում, ապագայի հանդեպ վախը սրտներում:
Մարիաննա Արամյան