ՀԱՊԱԼԱՍ. օգտակար հատկություններ և հակացուցումներ

Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։
Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։
Հետազոտությունների համաձայն՝ հզոր հակաօքսիդանտների պարունակությամբ հապալասը գերազանցում է մյուս բոլոր մրգերին ու բանջարեղենին։ Ի դեպ, նույն այդ հակաօքսիդանտները պայքարում են նաև սթրեսի հետևանքների դեմ։
Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։
Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։
Հատապտուղների վրա երևացող նստվածքը նույնքան օգտակար է, որքան դրա պտղամիսն ու կաշին։ Դրանք պրոբիոտիկներ են, որոնք հատապտուղը պաշտպանում են վարակներից և միջատներից։ Հատապտուղը կարելի է և չլվանալ, բայց միայն այն դեպքում, եթե այն աճեցրել և հավաքել են մաքուր պայմաններում։
Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին՝ այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։
Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի և սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել։
Բացի այդ, հապալասը ունի նաև լուծողական ազդեցություն և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել՝ առաջացնելով դիարեա, մետեորիզմ և փքվածություն։