«Սա թույլ տալ չենք կարող». Երևանի ավագանու ընդդիմադիրների հույսը «Հանրային ձայն»-ն է 

«Սա թույլ տալ չենք կարող». Երևանի ավագանու ընդդիմադիրների հույսը «Հանրային ձայն»-ն է 

Mediahub-ի տեղեկություններով՝ բացի Գևորգ Ստեփանյանից Երևանի ավագանու ևս երեք անդամի մանդատից զրկելու հարց է դրված, որոնցից մեկը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, իսկ մյուսները «Մայր Հայաստան» խմբակցությունից են` Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը:

Վերջինս, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ իրեն առևանգել են, որից հետո նա հեռացավ Հայաստանից և քաղաքական ապաստան խնդրեց ՌԴ-ից: 

Եւ այսպես, Երևանի ՔՊ-ական իշխանությունը փորձում է ընդդիմադիրներին զրկել ավագանու մանդատից, և սա ուղղակի չլսված բան է, քանզի ավագանին ընտրովի մարմին է: 

Արդյո՞ք ՔՊ-ն կհաջողի  այդ գործընթացը իրականացնել. այս և այլ հարցերի շուրջ Mediahub-ը զրուցեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ:

«Նախ և առաջ մենք կարծում ենք, որ իրենց դա չպետք է հաջողվի, կան նախադրյալներ այդպես մտածելու։ Հույս ունենք, որ երրորդ ուժը, ընդդիմադիր «Հանրային ձայն»-ը նույնպես կմիանա ընդդիմությանը։ Մենք տեղյակ ենք, նման հայտարարություն կա Վարդան Ղուկասյանի կողմից, այնպես որ ամեն ինչ միանշանակ չէ։ Փետրվարի 5-ի նիստը տեղափոխեցին ամսի 7-ին, որը կարող է նշանակել՝ իշխանությանը չի հաջողվում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Իսկ առանց երրորդ ընդդիմադիր ուժի իշխանությունը ի վիճակի չէ քվորում ապահովել և անցկացնել այդ խայտառակ որոշումը»,- ասաց Աբգարյանը։ 

Դիտարկմանը, որ այս իշխանությունը, կարծես, ինչ ուզում անում է և իրենց ձեռքից բռնող չկա, բայց արդյո՞ք օրենքը չի կարող խոչընդոտել, որպեսզի ընտրություններով մանդատ ստացած ավագանու անդամներին զրկեն մանդատից, Աբգարյանն ասաց, որ օրենքը դա, ցավոք, թույլ է տալիս, ժամանակին նման դրույթ են ընդունել։ Ըստ Աբգարյանի՝ այդ դրույթը ուղղված է եղել ընդդիմության իրավունքների դեմ, որ ընդդիմությունը չբոյկոտի և նիստերը ամեն դեպքում կայանան, որը եղել է օրվա իշխանության ապահովագրումը։

«Ինչպես մյուս հարցերում, այս հարցերում ևս նախկիններին քննադատողները սիրով օգտվում են այդ գործիքներից, հաշվի չառնելով, որ այդ գործիքը խաղտում է ընդիմության իրավունքը, մասնավորապես, բոյկոտի իրավունքը։ Գործ ունենք ընդդիմությունը վերացնելու, ընդդիմությունը քվորում ապահովիչ դարձնելու ցանկության հետ, որ մենք ստիպված լինենք քվորում ապահովենք և իրենք ինչ ուզեն անեն. նման բան թույլ տալ ուղղակի չենք կարող»,- հավելեց Աբգարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտարարություն էր տարածել Վարդան Ղուկասյանը։

«Փետրվարի 7 ին նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու եւ քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ եւ ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայնի» որեւէ անդամ տրվի այդ շանտաժներին եւ մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլեւ իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետեւից»,- ասված էր եղել հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ-ականները իր և իր որոշ գործընկերների մանդատից զրկելու գործընթաց են սկսել: Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 7-ին, տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով:

Մարիաննա Արամյան