Պարզվում են 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

Պարզվում են 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

2023թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ–53» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Գազ–53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI>> մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ 26.07.2023թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչութունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել են վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում են գտնվել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները կատարվում են դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու․ տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները: