Հայաստանը հուղարկավորվեց Արցախում․ Քրիստինեն մի բուռ հող է բերել ամուսնու գերեզմանից 

Հայաստանը հուղարկավորվեց Արցախում․ Քրիստինեն մի բուռ հող է բերել ամուսնու գերեզմանից 

Քրիստինե Քոչարյանը Երևանում վարձակալած բնակարանում՝ Արցախում զոհված ու Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հուղարկավորված ամուսնու՝ Հայաստան Պետրոսյանի հուշանկյունը միշտ թարմ ծաղիկներով է զարդարում, խնամքով համբուրում հողը, որ նա իր հետ բերել է ամուսնու թարմ գերեզմանից։ 

MediaHub-ի հետ զրույցում երիտասարդ կինը պատմում է Արցախի շրջափակման դժվարությունների, պատերազմի, ամուսնու զոհվելու, 3 անչափահաս տղաների հետ գաղթի ճամփան անցնելու՝ իր ընտանիքի տխուր պատմությունը։ 

«Հողը բերել եմ Ստեփանակերտի հուշահամալիրից, որպես հուշ։ Երբ պետք է հարկադրված դուրս գայինք քաղաքից, գնացել եմ Հայոյի գերեզման հրաժեշտ տվել, ասել՝ «կներես»։ Երանի հնար լիներ իր գերեզմանն էլ տեղափոխեինք։ Այդ օրերին դա անհնար էր թվում։ Ոչ ոք հստակ չէր ասում, որ հնարավորություն կա տեղափոխելու, «մորգ»-ի սառցարաններում տեղ չկար, ու մենք երկընտրանքի առաջ ենք կանգնել»,- ասում է Քրիստինեն։ 

Հայաստան Պետրոսյանը սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի արևմտյան թևում էր՝ Նարեշտարի դիրքերում։ Կինն ասում է, որ վերջին անգամ նրա հետ խոսել է ռազմական գործողություններից կես ժամ առաջ։ Իր խուճապին Հայաստանն արձագանքել է խաղաղ տոնով, վստահեցրել, որ հանգիստ մնան։ «Ասացի՝ «Հայո, այստեղ խուճապ կա, մարդիկ անգամ երեխաներին են դպրոցներից տուն բերում, անհանգիստ եմ», ասաց՝ «մի՛ վախեցիր, հանգիստ եղիր, մեր մոտ նման տրամադրություն չկա»։ Կես ժամ անց լսեցի կրակոցների ձայները։ Ինձ համար շատ դժվար էր երեխաների հետ։ Մենք գնացինք ապաստարան։ Գրկել էի երեխաներին ու փորձում էի հանգստացնել, իսկ ամուսնուս հետ այդպես էլ չկարողացա կապ հաստատեմ։ Դուրս էի գալիս նկուղից, մտածում էի՝ գուցե ինքն է ուզում զանգել, բայց տեղս անհասանելի է»,- պատմում է Քրիստինե Քոչարյանը։

Ծանր գիշերը լուսացնելուց հետո, հաջորդ օրն ընտանիքի անդամները սկսել են Հայաստանի որոնումները։ Քրիստինեի հայրն իմացել է, որ նա բեկորային վնասվածքներով արդեն Ստեփանակերտի հիվանդանոցում է։ Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը գլխի շրջանում կյանքի համար անհամատեղելի բեկորային վնասվածք էր ստացել։ 

«Անգիտակից վիճակում էր, երբ տեսա նրան ուրախացա, մտածեցի, որ փրկվել է, գիտակցության կգա, կապրի։ Բայց, երկու ժամ անց՝ ուշքի չգալով, մահացավ»,- ափսոսանք է հայտնում կինը՝ նշելով, որ ամուսինը հրաշքով փրկվել էր 44-օրյա պատերազմում։ 

Հայաստանը չնայած 33 տարեկան էր, բայց մասնակցել էր Արցախի համար մղված մարտերին։ Քրիստինեն հույս ունի, որ ամուսնու և սեպտեմբերին Արցախում հուղարկավորված աճյունները կարտաշիրիմվեն։ «Գոնե սգալու տեղ կունենանք։ Վերջին անգամ նրա շիրիմին այցելել եմ սեպտեմբերի 24-ին՝ տեղահանվելու օրը։ Երեխաները շատ են կարոտում նրան։ Վերջին անգամ իրենց հորը տեսել են պատերազմից 10 օր առաջ։ Սեպտեմբերի 5-ին հերթափոխի օր էր, եկավ տուն, բայց ՊԲ-ի համար 1 հրամանով ամսի 9-ին նորից բարձրացավ դիրքեր»,- հիշում է նա։ 

Քրիստինեին հանգիստ չի տալիս միտքը, որ սիրելի ամուսինը մնաց Արցախում, ասում է՝ «տպավորություն է, որ նրան թողել եմ միայնակ»։ 

«Դա թիկունքից հարվածի է նման, բայց վստահ եմ, որ նա ինձ հասկանում է, որովհետև մենք այդպիսինն էինք մեր համատեղ կյանքում։ Հայոն ծնողներ չուներ, դժվար կյանք է ունեցել։ Նրա հայրը զոհվել է առաջին պատերազմում, եղբայրը՝ խաղաղ պայմաններում ականի պայթյունից, դե ինքն էլ զոհվեց վերջին էսկալացիայի ժամանակ: Բոլորը 33 տարեկան էին ու զոհվեցին Մարտակերտի շրջանում։ Մայրն էլ վաղ տարիքում է մահացել։ Հիմա երեխաներս հոր կողմից մի հորաքույր ունեն»։ 

Կինը նշում է, որ Հայաստանն անթերի էր բոլոր առումներով։ Երեխաներն էլ նման են հորը, բոլորը միաձայն ուզում են հայրենիքի պաշտպան դառնան։

Հունան Թադևոսյան