Դեռ կյանք չմտած պայքարեց կյանքի համար. Սառան 1 օրական էր, երբ սկսվեց պատերազմը

«Սեպտեմբերի 17-ին մեր ընտանիքում ուրախություն էր։ Մարտունու ծննդատանը թոռնիկս էր ծնվել, տղաս ու հարսս նրան Սառա անունն են տվել։ Երեկոյան տանը թեթև նշեցինք ու պլանավորում էինք արդեն դուրսգրման միջոցառման նախապատրաստական աշխատանքները։ Չնայած մեր ճոխ ցանկությանը, բլոկադա էր, ուստի պետք է բավարարվեինք եղածով»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է սոսեցի Յուրի Ավշառյանը։
Նրա որդու՝ Արտակի ընտանիքը 2020 թվականի 44-օրյա պատերազմին Ռուսաստանից կամավոր ցանկությամբ վերադարձել է հայրենիք, զինվորագրվել բանակին ու մնացել Սոսում։ Շրջափակման առաջին օրերին հասկացել են, որ կինը հղի է, 2-րդ երեխային են սպասում։
«Գյուղում ամեն ինչ կար։ Հարսս՝ Ելենան հիմնականում օրգանիկ մթերքներով է սնվել։ Մենք էլ տնեցիներով ամեն ինչ անում էինք, որ հղիությունը նորմալ հունով ընթանար։ Երազում էինք միայն ճանապարհը բացվելու մասին, որ երեխան ծնվի, բոլորս հավաքվենք մեր պապական օջախում, դա չխախտվող ավանդույթ էր մեր ընտանիքում։ Իրենց ընտանիքներով ավագ տղաս Երևանում, դուստրս՝ Լիլիթը, Ֆրանսիայում էին։ Ճանապարհն այդպես էլ չբացվեց, հիմա Աստծուն շնորհակալ եմ ընտանիքս ցեղասպանությունից փրկելու համար»,-ասում է 62-ամյա տղամարդը։
Սեպտեմբերի 17-ին լույս աշխարհ եկած Սառան մեկ ու կես օրական էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց պատերազմը։
«Ընդունված է ասել պատերազմը տարիք ու սեռ չի ճանաչում։ Ես աշխարազոր ուժերում էի, զենքը ձեռքիս պատրաստվում էի դիրքեր գնալ։ Սոսը հրետակոծության տակ էր, հետ ու առաջ գնալ հնարավոր չէր, տղամարդիկ՝ հիմնականում երիտասարդները դիրքերում էին, այդ թվում 2 որդիներս։ Պատերազմը գնալով ավելի էր սաստկանում։ Հասկանալով, որ վիրավորները շատ են և նրանց կյանքը փրկելու համար բուժանձնակազմը ծանրաբեռնված է լինելու, վերցրել եմ հարևանիս դիզվառելիքով ավտոմեքենան, կնոջս հետ երեկոյան ճանապարհվել Մարտունի հարսի ու երեխայի ետևից», - պատմում է մեր զրուցակիցը, նկարագրելով տեսարանները։
«Տղաս՝ Արտակը, Մաճկալաշենի դիրքերում էր, իր մեծ աղջիկը՝ Եվան, նույն գյուղում զոքանչիս տանը։ Արտակը դիրքից տեսել է, որ «սնարյադը» ուղիղ ընկել է տատի տան բակը։ Անհապաղ իջել է դիրքերից տեսել, որ երեխան անվնաս է, պատահական մեքենայի մեջ է դրել ուղարկել Սոս, որ մեր կողքին լինի։ Երեխային իջեցրել են մեր թաղամասում, լացի ձայնի վրա գնացել ու գտել ենք, բերել տուն։ Մի քանի րոպե հետո այդ նույն տարածքը հրթիռակոծվել է։ Տնից դուրս գալիս տեսել եմ, որ վառվում էր բակում կայանված գյուղապետի ավտոմեքենան, մի քանի տուն փլվեր էր, խաղաղ բնակչության շրջանում զոհ ու վիրավոր կար», -օրը վերհիշելիս ժամանակ առ ժամանակ արտասվում է մեր զրուցակիցը։
Յուրի Ավշառյանը տեսել է նաև Մարտունու հրետակոծվող գյուղերն ու քաղաքները։
«Հիվանդանոցում տեղ չկար։ Հիվանդասենյակներում դիրքերից բերված տղաներն էին, որոնց կյանքը փրկելու համար բժիշկները ջանք չէին խնայում։ Ժամանակից շուտ Ելենին ու երեխային դուրս գրեցինք, նրանք նկուղում էին, եկանք գյուղ։ Սոսում իրավիճակն ավելի վատ էր, անդադար կրակում էին բնակելի տների ուղղությամբ: Երեխան նույնիսկ 10 րոպե չմնաց իր հայրական տանը, րոպե առ րոպե իրավիճակն ավելի էր վատանում»,- հիշում է նա։
Պապի խոսքով, Սառան պետք է մնար բժիշկների հսկողության տակ նորածնի պարագայում, ում իմունային համակարգը նոր-նոր է զարգանում, պետք է պատվաստվեր։ Առանց ժամանակ կորցնելու նրանք ճանապարհվում են Ստեփանակերտ։
«Ամբողջ ճանապարհին ո՛չ մեքենա պատահեց, ո՛չ մարդ։ Միայն այստեղից-այնտեղից լսել էինք, որ Հարավ գյուղն արդեն թշնամու վերահսկողության տակ է։ Վախ ամեն դեպքում կար, պատասխանատվություն ավելի շատ։ 2 տղաներս պատերազմում, ես մյուսների հետ ճանապարհին։ Ննգի գյուղում մի տղամարդ պատահեց, հարցրեցի ճանապարհը բա՞ց է, ասաց, որ քիչ առաջ սկորիներ, հետո նաև բանակի մեքենաներ են անցել։ Որքան արագ էի քշում մեքենան, այնքան գնալն ավելի դժվար էր դառնում։ Բոլորս մտածում էինք երեխայի մասին, որ դեռ կյանք չտեսած պայքարում է կյանքի համար»։ Նույն օրը երեկոյան փակվում է Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը, իսկ Ելենային երեխայի հետ ընդունել էին մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։
«Երբ անվնաս հասանք քաղաք, արդեն որոշ հանգստություն կար, երեխայի կյանքին վտանգ չէր սպառնում»։
Մի քանի օր բժիշկների վերհսկողության տակ մնալով մայր ու դուստր դուրս են գրվել։ Մեր զրուցակիցն ասում է, որ այդ օրերի ընթացքում իր տղաների հետ կապ հաստատել չի կարողացել։ Մարտունին պաշարված էր, կապի կայանները հրթիռակոծությունից հետո չեն աշխատել։ Հետո Յուրին ու տիկին Սուսաննան լսել են, որ մեծ որդու՝ Ալբերտի անունը անհետ կորածների ցուցակում է։
«Դա տանջալից ժամանակաշրջան էր ոչ միայն իմ, այլ բոլոր ընտանիքների համար։ Երբ գաղթի համար ճանապարհը բացվեց, բոլորը վերադարձան, Ալբերտն էլ։ Նրա հետ մինչև վերջին պահը կապ չի եղել։ Սեպտեմբերի 25-ին Տեր Անդրեասին խնդրեցի Ստեփանակերտի Մայր տաճարում կնքեր թոռներիս։ Եվան, Արփին և 8 օրական Սառան մկրտվեցին Արցախում։ Հայաթափումից առաջ դա վերջին կնունքն էր Աստվածամոր Սուրբ հովանի Մայր տաճարում»։
Գաղթը Ավշառյանների համար տևեց 48 ժամ։ «Դա մղձավանջի 2-րդ փուլն էր։ Ամբողջ ճանապարհն անցանք առանց մի կտոր հացի։ Մայրը պիտի ուտեր, որ երեխային կերակրեր։ Ի՞նչ ասեմ, մի կերպ հասանք Հայաստան»,-ասում է նա, նշելով, որ Կոռնիձորի անցակետում այնքան ջերմ են դիմավորել, որ հուզմունքից բոլորն արտասվել են։
Սառան շուտով կդառնա 5 ամսական։ Տեղահանվելուց հետո նա իր ծնողների հետ այժմ Ռուսաստանում է, իսկ Յուրի Ավշառյանը՝ Երևանում։ Ասում է` չնայած Արցախի պաշարմանն ու վերջին ամիսների դժվարություններին, միևնույն է կարոտում է հայրենի գյուղը, որ փռված է Ամարասի հովտում, ու հավատը չի կորցնում, որ Ամարասում նորից մի օր աղոթք է բարձրացնելու, մատաղ է մատուցելու։
Հունան Թասևոսյան