Առաջընթաց՝ հարցականներով..

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը այս շաբաթ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում կայացած բանակցություններում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց»: Այդ մասին ասված է հանդիպումից հետո հրապարակված մամլո հաղորդագրությունում:
Սակայն, դատելով հաղորդագրությունից ու Բլինքենի ելույթից, կողմերը դեռ հեռու են վերջնական համաձայնություններից, որովհետև սկզբունքային հարցերի շուրջ պահպանվում են հակասությունները:
Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ, այլ խոսքով՝ մենք խաղաղություն ենք փնտրում այնտեղ, որտեղ այս պահին այն չկա:
ԱՄՆ-ն այսօր ունի զրոյական հարաբերություններ Ռուսաստանի հետ ու աշխարհի բոլոր կետերում հակադրվում է Մոսկվային նրա ազդեցությունը սահմանափակելու համար: Բացառություն չէ նաև Հարավային Կովկասը։
Սա բնական է՝ ԱՄՆ շահերի տեսանկյունից:
Հիմա, Վաշինգտոնի համար ԼՂ խնդիրը կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջոց են, նպատակը՝ ԼՂ-ից, նաև Հայաստանից ռուսական ռազմական ներկայության վերացումն է:
Դրան ամերիկացիները կարող են հասնել երկու ճանապարհով՝ ա) նոր պատերազմի(էսկալացիայի) միջոցով, բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությամբ:
Առաջին դեպքում կարող է կասկածի տակ դրվել անգամ մեր պետականության գոյությունը, երկրորդ դեպքում՝ ԼՂ ինտեգրումն Ադրբեջանին ու հայաթափությունը գրեթե երաշխավորված է, էլ չեմ խոսում ռուսական հնարավոր հակազդեցության մասին:
Ասվածը բնավ չի նշանակում մերժել ամերիկյան միջնորդական հարթակը, բայց գոնե դրան պետք է մասնակցել սեփական օրակարգով ու «կարմիր գծերով»՝ աշխարհաքաղաքական գործիք չդառնալու համար:
Վահրամ Բագրատյան