Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ցանկացած հայի կյանքի իրավունքն ապահովված չէ. Արցախի ՄԻՊ

Գործ ունենք ուժի սպառնալիքի ներքո հայկական բնակավայրերի հայաթափման հետ։ Այս մասին MediaHub.am –ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Հիմա զեկույց ենք պատրաստում։ Երբեմն հարցեր են առաջանում տարբեր միջազգային կառույցների մոտ, թե արդյոք չեն կարող այդ բնակավայրերի մարդիկ շարունակեն ապրել այնտեղ։ Պատասխանը շատ հստակ է. պատերազմի ընթացքում, դրանից հետո Ադրբեջանի վարքագիծը, խոշտանգումները, սպանությունները, հայերի գերեվարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Ադրբեջանի վերահասկողության տակ հայտնված ցանկացած հայ կա՛մ սպանվում է, կա՛մ գերեվարվում է ու ենթարկվում անմարդկային վերաբերմունքի»,-մանրամասնեց պաշտպանը։
Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ անցյալից ակնհայտ է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայի կյանքի իրավունքն ապահովված չի կարող լինել, և դա է պատճառը, որ բնակավայրերը հայաթափվում են։
Մեր հարցին ի պատասխան Գեղամ Ստեփանյանը նաև ասաց, որ բնակիչների տարհանման ժամանակ ահազանգեր ունեցել են, խնդիրները հիմնականում կապված են եղել փոխադրամիջոցի հետ, որոնք լուծվել են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Անի Գևորգյան