Թոշակառուների բուժման ծախսը կհոգա պետությունը․ Ավանեսյան

Առողջապահական պարդատիր ապահովագրման համակարգի պետք է անցնենք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ամփոփված են առաջիկա հինգ տարիներին մշակվելիք ուղղությունները, և բարեփոխումները պետք է մեկ առ մեկ իրականացվեն։

«Համակարգը պետք է գործի հանրային շահին համապատասխան, ու մեր աշխատանքներն այժմ ուղղված են երեք ուղղությունների։ Դրանցից առաջինը  պոլիկլինիկաների որակի և այնտեղ մատուցվող ծառայությունների հասանելիության բարձրացումն է։ Ուստի, ուզում եմ վստահեցնել, որ այս ոլորտը լինելու է ամենադինամիկ փոփոխվող ոլորտը։ Մինչ այս կապիտալ ծախսերն ուղղվել են հիվանդանոցային օղակի բարեփոխումներին, իսկ այս ծրագրի ավարտին արդեն կունենանք մարզային ու քաղաքային ամբողջապես ապահովված հիվանդանոցային օղակ։ Իսկ այս տարի կունենանք հինգ պոլիկլինիկաների վերազինում»,- ներկայացրեց նախարարը։ 

Երկրորդ ուղղությունն, ըստ Ավանեսյանի, ծառայությունների որակի բարձրացումն է։ 

«Լիցենզավորման պահանջներն են խստացնելու, բացի այդ մասնագիտական կարողությունների նկատմամբ ևս պահանջները խստացնելու ենք։ Մեր բժիշկները պարտավոր են հինգ տարվա ընթացքում հավաքել կրեդիտներ, մասնակցել դասընթացների։ Բացի դրանից, մասնագետների լիցենզավորման ինստիտուտն է ներդրվելու»,- նշեց նա։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ համակարգը փուլային մակարդակով է ներդրվելու, 2024-ից բոլոր պետական պատվերի շահառուների համար կսկսի գործել համակարգը։ 
«Կլինի մեկ փաթեթ՝ առանց աղճատված ծառայությունների շրջանակի մեկ ապահովագրական փաթեթ՝ պետության կողմից ապահովագրված շահառուների համար։ Ու արդեն կսկսի գործել կամավոր ապահովագրման համակարգը»,- ասաց նախարարը։

Իսկ 2025-ից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները։

Մանրամասները՝ տեսանյութում։