Լեգե՞նդ, թե՞ բռնություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) առևանգման հետ կապված պատմությունը հետաքրքիր շրջադարձեր է ունենում՝ օդի մեջ թողնելով պատասխանները:
Ոստիկանությունից պնդում են, թե Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։ Իրավապահների տեղեկացմամբ՝ նա հրաժարվել է իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։
Նարե Սոսեն տրամագծորեն այլ վարկած է առաջ քաշում:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) ֆեյսբուքյան եթերում խոսել է Հայաստանից հեռանալու պատճառների մասին: «Ոստիկանական բռնաճնշումների ու իմ կյանքին սպառնացող վտանգների պատճառով եմ հեռացել հայրենիքից»,- ասել է նա:
Ավագանու անդամն, ըստ էության, պնդում է, որ առևանգում եղել է ու ինքը ոստիկանությունում ոչ իրական ցուցմունք է տվել՝ բռնաճնշումների հետևանքով:
Եթե հավատանք ավագանու ընդդիմադիր անդամի պնդմանը, ապա առևանգողները և ոստիկանությունը նույն շղթայի տարբեր օղակներ են, այլ խոսքով՝ իշխանության մակարդակով բռնություն է կիրառվել առաջնային մանդատ ունեցող մարմնի ներկայացուցչի հանդեպ:
Եթե այս վարկածը ճիշտ է, գործ ունենք Փաշինյանի ավտորիտարիզմի հերթական «աննախադեպության» հետ:
Մյուս կողմից, այս ամենը նման է լեգենդի, որը նաև հարցեր է ծնում:
Օրինակ, ինչո՞ւ է հունվարի 17-ին՝ դեպքից երկու օր անց, նոր դիմել ոստիկանություն կամ ինչո՞ւ է Հայրապետյանը հեռացել երկրից, երբ ուներ քաղաքական աջակցության ինստիտուցիոնալ մեխանիզմ, ինչի միջոցով կարող էր պաշտպանվել:
Արդյո՞ք Հայրապետյանն ինչ-որ բան թաքցնում է, կամ պատմությունը բեմականացվել է՝ անձնական նպատակներով:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունենք, մեզ մնում է գործի ամբողջական բացահայտումը պահանջել իրավապահ մարմիններից:
Վահրամ Բագրատյան