Կլինե՞ն արտահերթ ընտրություններ 

Կլինե՞ն արտահերթ ընտրություններ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» երեկ մերժել է նիստի օրակարգ ընդունել «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը։ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ խորհրդարան հասած օրինագիծն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը։

Եվս մեկ անգամ վերահաստատենք մեր այն պնդումը, թե ազգային օրենսդրությամբ որևէ կերպ հնարավոր չէ փոխել տարածաշրջանային ուժերի բալանսը, բարելավել հայկական դիրքերը բանակցային գործընթացում կամ սահմանել «կարմիր գծեր», որոնք բխում են ոչ թե ռեալիզմից, այլ ցանկություններից: 

Ասվածն, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում Արցախը «փուռը տալու»՝ Փաշինյանի քաղաքականությունը, ինչի հետևանքը դարձավ հայկական աշխարհի հայաթափությունը: Ասել կուզի, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախի կործանման պատասխանատուն ու դրա համար վաղ թե ուշ առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրելու՝ անկախ օրենսդրական կոնկրետ նախաձեռնության ճակատագրից և իշխանության մանիպուլյացիայից:

Մյուս կողմից, Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն 2021-ի նախընտրական իր ծրագրում խոսում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Ըստ այդմ, ինչքան էլ աբսուրդ հնչի՝ «Հայաքվեի» նախաձեռնությունը բխում էր հենց կառավարության ծրագրից:

Եթե իշխանափոխությունը մերժում է «Հայաքվեի» նախաձեռնությունը, ապա իրեն դուրս է դնում քաղաքական լեգիտիմության ռեժիմից՝ ճանապարհ բացելով արտահերթ ընտրությունների հնարավորության համար:

«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը նման ակնարկ արդեն արել է, իշխանությունն առնվազն այսօր ֆորմալ առումով նման օրակարգ չի քննարկում՝ թեև Փաշինյանի վերջին հրապարակային ելույթներն ակնհայտ «նախընտրական» բնույթ ունեն, ինչի դրսևորումներն են նաև ՏԻՄ-ն «ուզուրպացնելու» քայլերը և խոշոր կապիտալի դեմ ոտնձգությունները:

Վահրամ Բագրատյան