Ի՞նչ է ակնարկում Միշելը 

Ի՞նչ է ակնարկում Միշելը 

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն X-ի իր հարթակում շնորավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ։ 

ԵԽ նախագահի ուղերձում ուշագրավ է վերջին պարբերությունը, որում ասված է. «Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։ Ողջունել ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումը Բրյուսելյան գործընթացի շրջանակներում՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի հասնելու համար»,- ասված է գրառման մեջ։

Այս առթիվ մի քանի հարցադրումներ են առաջանում:

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն, որպես կանոն, մերժում է երրորդ կողմերի միջնորդությունը և հանդես է գալիս հայ- ադրբեջանական ուղղակի բանակցությունների օգտին:

Համենայն դեպս, հրապարակային հայտարարությունների մակարդակում չունենք փաստ, որ Ալիևը կամ Ադրբեջանի որևէ այլ գործիչ խոսել են Բրյուսելում եռակողմ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին:

Սակայն գուցե Միշելին հայտնի է մի բան, որ չգիտենք մենք: Օրինակ, հնարավոր է, որ արևմտյան միջնորդներին հաջողվել է ստվերային պայմանավորվածությունների շնորհիվ կողմերին հակել ինչ-որ համաձայնությունների:

Դատելով Ալիևի ու նրա շրջապատի հայտարարություններից՝ Բաքվի մաքսիմալիստական օրակարգը միայն զարգացել է, ուրեմն հիմքեր չունենք ենթադրելու, որ արևմտյան հարթակները ճնշում են գործադրել Ադրբեջանի հետ, որպեսզի նա հավասարակշռված խաղաղության գնա Հայաստանի հետ:

Փոխարենը, արևտյան էմիսարների՝ Հայաստան այցելելուց հետո, Հայաստանի իշխանությունը գեներացրեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը:

Մնում է ենթադրել, որ արևմտյան հարթակները Հայաստանին ևս մեկ անգամ համոզել են իջեցնել նշաձողը, ինչը եղել է Բաքվին Բրյուսելի բանակցային հարթակ վերադարձնելու գինը:

Սա կարող է լինել Միշելի գրառման տրամաբանական մոտիվը, եթե, իհարկե, նրա գրառումը քարոզչական ենթատեքստ չունի:

Վահրամ Բագրատյան