Կատարյալ ջեբկիրություն. մնացել է, մարդկանց քթին օդի հաշվիչ տեղադրեն ու շնչելն էլ հարկեն

Կատարյալ ջեբկիրություն. մնացել է, մարդկանց քթին օդի հաշվիչ տեղադրեն ու շնչելն էլ հարկեն

«Ի՞նչ սոցիալական պետության մասին է խոսքը, երբ եկամուտների հայտարարագրումը կատարյալ ջեբկիրություն է»,- MediaHub-ին ասում է հյուրանոցային տնտեսության աշխատակից Մելինե Բարսեղյանը` նշելով, որ ՊԵԿ-ը հեշտությամբ կարող է այդ ամենը ստուգել ըստ բանկային քաղվածքների, առանց քաղաքացիներին «նեղություն» տալու։ 

«Իսկ եթե որևէ քաղաքացու մոտ բանկային շարժի ակտիվություն նկատվի, էլի հեշտությամբ կարող են  պարզել եկամտի աղբյուրը։ Չարաշահումների դեպքում՝ գործը կարող են հանձնել իրավապահ համակարգին»,- առաջարկում է մեր զրուցակիցը։

Հայաստանում իշխանությունների ձեռամբ կյանքն օր-օրի ավելի է դժվարանում։ Մի կողմից գույքահարկի թանկացումը, մյուս կողմից ՝ եկամուտների հայտարարագրումը, տրանսպորտային միջոցների համար նախատեսված կայանատեղիների թանկացումը, տրանսպորտի սակագնի ավելացումը, բոլոր ապրանքատեսակների գնաճը միայն հիասթափություն է առաջացնում։

Հակառակ այս թանկացումների, Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում քարոզելու, թե՝ «Հայաստանում կյանքը եռում է, կառուցում ենք խաղաղություն»։ Մելինեի խոսքով՝ սա փաշինյանական իշխանության հերթական սուտն է, որ հրամցնում են ժողովրդին, իր խոսքով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին։ 

«Մնացել է մարդկանց քթին օդի հաշվիչ տեղադրեն ու շնչելու համար էլ հարկ վերցնեն»,- ասաց նա։

MediaHub-ի հետ զրույցում մեկ այլ քաղաքացի էլ, որ 2023 թվականի հոկտեմբերից այցելում է Արցախից տեղահանված ընտանիքների, իր ընկերների, ծանոթ ու անծանոթ մարդկանց աջակցությամբ օգնում ամեն ինչ կորցրած հայրենակիցներին, ասաց. «Գաղթից հետո օգնություն բաժանելիս Հրազդանում մի ընտանիքի այցելեցինք: Տանը միայն մնացել էին կանայք: Տատիկ, հարս ու 2 դպրոցահասակ դուստրերը: Հայրը, որդին ու եղբայրը բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել էին»:

«ԱՄՆ-ից մի ծանոթ ասաց՝ մի ընտանիք ընտրեմ, ամսական 100 դոլար ուղարկեմ՝ փոխանցի: Մի տարուց ավելի է այդ գումարը ստանում ու միանգամից նույն պահին 40 000 դրամ փոխանցում եմ Հրազդանում գտնվող ընտանիքի քարտին: Մինչև հունվարի 1-ը դա արել ենք: Հիմա հարց. ես պիտի դրա համար ինչ որ մեկին հաշվետո՞ւ լինեմ»,- զարմանում է մեր զրուցակիցը։ 

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հաստատված մոտ 30 ընտանիքի համար մեր զրուցակիցը հավ է գնել: Հիմա չգիտի՝ ընտանի թռչուններին ինչպե՞ս է հայտարարագրելու։ 

«Գողերը իշխանություն են ստացել, ընկել մեր ջանին: Բա մի հատ թող իրենք հաշվետու լինեն իրենց կեղտոտ գործարքների համար»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան