ԱՄՆ-ում սպառնում են ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ում սպառնում են ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել հակառուսական պատժամիջոցները՝ ներառելով այդ ցակում ավելի շատ ռուսական բանկեր ու տնտեսության ոլորտներ, այդ թվում՝ գազային ու նավթային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Դալիպ Սինգհը CBS հեռուստաընկերության հետ զրույցում։

«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցները, ձեռնարկել լրացուցիչ միջոցներ։ Կարող ենք ընդլայնել պատժամիջոցները, որոնք արդեն սահմանել ենք՝ ավելացնելով ավելի շատ անձանց և կիրառելով դրանք ավելի շատ ոլորտներում», - հայտարարել է Սինգհը։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների ընդլայնումը կազդի ավելի մեծ թվով բանկերի վրա, ինչպես նաև այն ոլորների, որոնք մինչ օրս չեն տուժել։ Նրա պնդմամբ՝ խոսքը ռուսական տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների մասին է։

«Հիմնականում խոսքը նավթին ու գազին է վերաբերում, սակայն կան նաև այլ ոլորտներ: Ես չեմ ուզում հստակեցնել, բայց կարծում եմ, որ նախագահ Պուտինը գիտի՝ ինչի մասին է խոսքը», - հավելել է պաշտոնյան: